Եվրոպական կուսակցությունները սկսել են նախապատրաստվել 2019 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Ընտրություններն, ըստ ամենայնի, կկայանան մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։

Եվ թեպետ դեռ 18 ամիս կա, սակայն ընտրարշավը խոստանում է շատ թեժ լինել։ ԵՄ երկրները կանգնած են լրջագույն փոփոխությունների նախաշեմին։ Բացի ավանդական գաղափարական տարանջատումներից՝ պահպանողականներ, սոցիալիստներ, լիբերալներ և այլն, ընտրության հարց է նաև Միացյալ Եվրոպայի հանդեպ վերաբերմունքի հստակեցումը։

Ծայրահեղ աջերն ու ձախերն ունեն տեսանելի ընտրազանգված՝ խաղալով մարդկանց անվտանգային, միգրացիոն և սոցիալական մտավախությունների վրա։ Ավանդական եվրոպական կուսակցություններն այլևս չեն կարող անտեսել շարքային քաղաքացիներին հուզող նման խնդիրները։ Ավստրիայի, Գերմանիայի վերջին ընտրությունները դրա վառ ապացույցն են։

Ինչպիսին կլինեն ապագա Եվրախորհրդարանը և Եվրահանձնաժողովը, հիմա վաղ է կանխագուշակել։ Ակնհայտ է, որ եվրաէնտուզիաստներն ունեն թե՛ գլոբալ առաջնորդության, թե՛ մարդկանց հետ ավելի հստակ հաղորդակցվելու կարիք։

Ընտրարշավներն առավել տեխնոլոգիական և թիրախային են դառնում իրենց մեթոդաբանությամբ, սակայն բովանդակության մեջ՝ առավել զգացմունքային, թարմ, հիշվող և վստահություն ներշնչող։

Այս ամենը շատ կարևոր է նաև մեզ համար, ինչպես քաղաքական մշակույթի զարգացման, այնպես էլ Հայաստան-ԵՄ հարաբերությունների ապագայի տեսանկյունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել