Ապրիլյան պատերազմից հետո մի որոշ ժամանակ մեզ մոտ բարձր էր ռազմահայրենասիրական ոգին: Անկախ քաղաքական ուղղվածությունից, անկախ սոցիալական վիճակից՝ հասարակության գերակշռող մասը, եթե չասեմ բոլորը, մի մարդու պես կանգնեցին զինվորի կողքին: Պարտադիր չէր, որ սահման հասնեին, ով ինչպես կարողանում էր, զինվորին աջակցում էր՝ էլ ֆինանսապես, էլ նյութապես, էլ հոգեպես: Բայց սա եղավ այն ժամանակ, երբ դանակը հասավ ոսկորին, երբ թշնամու հոխորտանքը դարձավ իրականություն: Ցավոք, հիմա նորից մենք անցել ենք մի տեսակ նիրհելու փուլին, մենք հետաքրքված ենք բանակով այնքանով, որքանով որ սահմանից լուր են տալիս: Իհարկե, սա չի վերաբերում բոլորին, բայց վերաբերում է հասարակության մեծ մասին: Ճիշտ է, իմ նախաձեռնած ծրագրի միջոցներն ավելացել են՝ համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, բայց, միևնույն ժամանակ, հասարակությունն ակտուալ չի համարում բանակի, զինվորի թեման: Աստված մի արասծե, եթե նորից թշնամին փորձի հարձակվել, այս անգամ մեզ համար կարող է նորից ցավոտ լինել... Իսկ որպեսզի այն ցավոտ չլինի, որպեսզի կարողանանք իրավիճակից դուրս գալ մինիմալ կորուստներով, պետությանն ու բանակին չպետք է մենակ թողնենք, մենք՝ հասարակությունս, անկախ մեր քաղաքական ու սոցիալական վիճակից, բանակի հարցում լինենք միասնական: Մեզ բաժին հասած թշնամին երբեք չի խաղաղվի, մինչև մեզ մեռած կամ մեր պետականությունը մասնատված չտեսնի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել