Ուրախալի է, որ Հայաստանի ներքաղաքական օրակարգ են ներմուծվում մեր հանրությանը համախմբելու միտում ունեցող փիլիսոփայական հենքի վրա խարսխված համակարգված գաղափարախոսական բանաձևումներ: Այս պահին անգամ էական չէ, թե դրանք որքանով են արդիական, կենսունակ ու կառուցողական: Էականն այն է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի գաղափարախոսներից ոմանք հստակորեն առաջնահերթությունը տալիս են ոչ թե իրենց սատարողների` հակառակորդների հանդեպ ունեցած քանակային, զուտ ֆիզիկական, ինչպես նաև բարոյական առավելությանը (որը որքանով որ ակնհայտ է, նույնչափ էլ գործնականում անօգուտ դուրս եկավ), այլ գաղափարա-փիլիսոփայական, աշխարհայացքային ընդհանրության հիման վրա մեր հասարակության համախմբոմանն ընդդեմ «նժդեհական» գործող վարչակազմի: Ինձ շատ հետաքրքիր կլիներ լսել պարոն Աշոտ Մանուչարյանի մտքերն իր պատկերացրած հետսոցիալիստական հասարակարգի էության, դրա ձևի և բովանդակության համապատասխանության ապահովման ուղիների վերաբերյալ` արդյոք խոսքը գնում է նեոկոմունիզմի մասին, թե սա դեռ նոր ասպարեզ իջած մի գաղափարախոսություն է, որի կիրառման առաջին փորձադաշտը պետք է Հայաստանը դառնա (որքան հասկանում եմ, այդ նոր հասարակարգի գործնական գոյության մասին տվյալներ դեռ չկան): Իշխանությունն այն առավելությունն ունի, որ բացի ազգայնական բնույթ ունեցող նժդեհական գաղափարախոսությունից իր կողմնակիցների կուռ շարքերը պահպանելու այլ ռեսուրսներ ևս ունի` խոսքն իշխանական լծակների և մեծ ֆինանսական հնարավորությունների մասին է: Կարելի է խոսել այն մասին, որ պարոն Տեր-Պետրոսյանի և իր թիմի հրաժարականը 1998 թվականին էապես խաթարեց ազգային վերնախավի ձևավորման ու կայացման առանց այդ էլ բարդ պայմաններում ընթացող գործընթացը` հանգեցնելով առաջին հերթին ֆինանսական ու նյութական միջոցների արմատական և այդ թիմի անդամների գերակշիռ մեծամասնության համար անդառնալի նյութական կորուստներով հղի վերաբաշխման: Այդ հրաժարականի քաղաքական արդյունավետության մասին չեմ ուզում այժմ խոսել` դա առանձին մի թեմա է, պարզապես հիմա` տասնհինգ տարի անց, մենք ունենք մի կառավարման համակարգ, որի որակը բացարձակապես չի բավարարում Հայաստանի քաղաքացիներին, և որը, սակայն, այսօր ավելի արդյունավետ է կարողանում կառավարել և վնասազերծել հանրային դժգոհությունները, քան ընդամենը հինգ տարի առաջ: Իշխանության կողմից քաղաքական գործընթացների հանդեպ ունեցած վերահսկողության արդյունավետությունը զգալի էր նախընտրական և հետընտրական այս ողջ ժամանակահատվածում, ու թեև եղան բացթողումներ և, անգամ, շատ անհեթեթ սայթաքումներ (դրանք, թերևս, պայմանավորված են եղել գործընթացի մասշտաբների և դրա վերահսկողության հետ կապված դժվարություններով ու համապատասխան որակավորում ունեցող կադրերի պակասով), կարելի է ասել, որ Հայաստանում ներքաղաքական գործընթացների կազմակերպման ու կառավարման տեսանկյունից նախաձեռնությունը հենց իշխանության ձեռքին է: Քաղաքական իրական ընդդիմության նկատմամբ իշխանական թիմի առավելությունը պայմանավորված է վերջինիս միանգամայն առարկայական շահերի պաշտպանության հրամայական անհրաժեշտությամբ, և այստեղ գաղափարախոսական վերացական մոտեցումները փոխարինված են շատ ազդեցիկ քաղտեխնոլոգիական աշխատանքով, որի սպասվելիք արդյունքներից մեկն էլ լինելու է տնտեսական սեփական բազան չունեցող ընդդիմության հետագա փոշիացումն ու ուժազրկումը: Հայաստանում ունևորներն արդեն իսկ իշխանամերձ են, իսկ ընչազուրկների կողմից բուրժուա-դեմոկրատական հեղափոխության իրականացման գաղափարը շատ հարցականներ է առաջացնում: Այս պայմաններում ընդդիմության պայքարն ընդդեմ իշխանության հիշեցնում է պարսատիկավորի կռիվ մանրէաբանական զենք ունեցող հակառակորդի դեմ, և խնդիրն անգամ զինատեսակների արդյունավետության ահռելի տարբերությունը չէ, այլ իրականության համակարգային ընկալման ու գնահատման անհամարժեքությունը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել