Ինձ խայտառակ ու ամենաանբարոյական ձևով խաբել են Չարենցի 24 հասցեում գտնվող «Զիգզագ» վաճառասրահում: Ու դրա պատճառով արդեն երրորդ տարին է քաշքշուկների մեջ եմ: 
2010 թվականի դեկտեմբերի 18-ին գնեցի «Sony» ֆիրմայի, այն ժամանակվա համար շատ թանկ գնով մի ֆոտոխցիկ: Այն արժեր 171.000 ՀՀ դրամ: Վաճառքում կար 3 գույնի նույն մոդելից, ինձ հարցրին՝ որ գույնն եմ ուզում: Ասացի, որ ուզում եմ արծաթագույնը: Երբ վաճառողը կատարեց ապառիկային ձևակերպումները, անակնկալ պարզեցի, որ ինձ վաճառել են սև գույնը: Երբ միջամտեցի ու ասացի, որ ես այլ գույն եմ ասել, վաճառողն ինձ խաբեց ու ասաց, որ արդեն ուշ է: Հետո միայն ցավով հասկացա, թե նա ինչու այդպես ասաց, որովհետև սև գույնի ֆոտոխցիկը բազմաթիվ տեխնիկական թերություններ ուներ: Սև ֆոտոխցիկը խայտառակ վատ էր նկարում, իսկ 20 նկարից հետո մարտկոցը նստում էր:
Ջղայնացած գնացի Չարենցի փողոցի վրա գտնվող «Զիգզագի» սպասարկման կենտրոն ու տնօրեն Հակոբ Դանոյանին խնդրեցի, որ փոխեն ֆոտոխցիկս, կամ փողս ետ տան, քանի որ այն դեռ երաշխիքի մեջ էր: Տնօրենն էլ ինձ խաբեց ու ասաց, որ խնդրի լուծում կա, որ կփոխենք մարտկոցը, ու ամեն ինչ կկարգավորվի: 10 օր սպասելուց հետո նա ինձ տվեց իբր թե Եվրոպայից ներմուծված մարտկոց, որի տուփը չգիտես ինչու բացված էր, և այն բնավ նոր տեսք չուներ: Այն ավելի վատ վիճակում էր, քան նախորդը: Հասկացա, որ ինձ օգնել չեն ուզում, այլ ուզում են ցրած լինել:
Բոլորովին վերջերս մի նոր թերություն էլ հայտնաբերեցի: Եվ ոչ մի վիդեո չեմ կարողանում ֆոտոխցիկից համակարգիչ անցկացնել: Գնացի սպասարկման կենտրոն, պատմեցի խնդրիս մասին նույն Դանոյանին: Ինձ ստիպեցին ստուգման համար գումար վճարել ու երեք օրից ինձ ասացին, որ ֆոտոխցիկը արտակարգ վիճակում է: Ես էլ չգիտեմ՝ ում դիմեմ: Ինձ անընդհատ անպատիժ խաբում են: Արդեն երեք տարի ինձ ամեն վայրկյան սթրեսի են ենթարկում: Անընդհատ գիտեմ, որ խնդիր կա, որը չեմ կարողանում լուծել:
Հիմա նորից ստուգում են խցիկս, էլի փող են ուզել: Ես էլ երևի էլի կտամ, ու ոչինչ չի փոխվի: Ուղղակի ուզում եմ՝ մարդիկ իմանան, թե այս խանությում ինչ է իրականում կատարվում, ու որ մարդիկ էլ չխաբվեն:
Ու սա այն խանութն է, որն անընդհատ գովազդում է, որ որակյալ տեխնիկա՞ է վաճառում: Բա՛վ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել