
Արցունքների ու սգի այն օրը,
երբ մոխրից կհառնեն
բոլոր մարդիկ` դատվելու համար:
Տեր ողորմյա,
Տեր Հիսուս,
պարգեւիր նրանց անվերջ հանգիստ: Ամեն:
1791թ. վերջերին Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը սկսում է աշխատել իր «Ռեքվիեմ»-ի վրա, որը, սակայն, չի հասցնում ավարտել: Մոցարտը գուցե առհասարակ հրաժարվեր «Ռեքվիեմը» գրելուց, եթե իմանար, որ հայ աստղիկներից մեկը պետք է պղծեր այն` իջեցնելով կենցաղային խնդիրների մակարդակին:
Ի դեպ, մահը հնարավորություն չտվեց Մոցարտին ավարտելու «Ռեքվիեմը», այն ավարտեց նրա աշակերտ Ֆրանց Կսավեր Զյուսմայերը` Իոսեֆ Այբլերի օգնությամբ:«Ռեքվիեմ»` հենց այդպես էլ կոչվում է Լիլիթ Հովհաննիսյանի հերթական երգը, որի բառերի եւ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ հեղինակը համարվում է Վահրամ Պետրոսյանը:
Տեսահոլովակը սկսվում է «Լակրիմոզա»-ից մի հատվածով, որին հաջորդում է երգչուհու լացուկոծը, թե ինչպես է նա ապրում առանց սիրո եւ խնդրում ՈՄՆ-ին այլեւս «ցավ չտալ իրեն»:
Ձայնային խաղարկումներով եւ «հիանալիորեն» շարադրված մտքերով երգն իր կուլմինացիային է հասնում, երբ երգչուհին փորձում է մի հատված կատարել «Ռեքվիեմ»-ից` փայլուն ձայնային տատանումներով եւ հայկական տեսահոլովակներից անպակաս «ծխով» լցված ֆոնով:
Տեսնես Լիլիթ Հովհաննիսյանը գիտի՞, որ «Ռեքվիեմ» նշանակում է «Հավերժական հանգիստ», իսկ Մոցարտի «Ռեքվիեմ»-ի «Լակրիմոզա» (թարգմ.` լաց լինելու աստիճանի հասնող, «Լակրիմոզան» ոչ թե Մոցարտի «Ռեքվիեմի» մաս է, այլ, ընդհանրապես, ռեքվիեմ երաժշտական ձեւի պարտադիր հատված) հատվածը վերնագրել են «Զրույց Աստծո հետ», քանի որ երաժշտությունը սկսվում է ամենացածր տոնից եւ բարձրանում մինչեւ վերին ակորդներ՝ ստեղծելով պատրանք, թե երաժշտության հնչյունները երկինք են բարձրանում:
Ի՞նչ կապ ունի «Ռեքվիեմը», որտեղ Մոցարտը համամարդկային տառապանքի եւ դժբախտության ցավն է ողբում ու մեր վերածննդի հույսի մասին պատմում Լիլիթ Հովհաննիսյանի սրտաճմլիկ դժբախտ սիրո մասին երգի հետ: Մոցարտը, ով չի հրաժարվում «Ռեքվիեմը» կիսատ թողնելուց, քանի որ այդ շրջանում նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր, արդյո՞ք այդքան ջանք է թափել, որ նրա ստեղծագործությունից մասեր պոկպկած երաժշտությունը լսվի «մեծ ախպերների» ավտոմեքենաներից, իսկ տեսահոլովակը «Լավագույն կլկլոց»-ի թոփ տասնյակի առաջին տեղը զբաղեցնի:
Առաջարկում ենք երգչուհուն մեկ անգամ շատ ուշադիր լսել Մոցարտի «Ռեքվիեմը» եւ կարդալ բառերը, իսկ իր երգի հետ նմանություններ գտնելու դեպքում անպայման դիմի մեզ:
Ամառային մի երեկո, երբ մթնշաղն իջել էր քաղաքի վրա, Մոցարտը նստած տեղը քնեց: Դա մի անհանգիստ քուն էր: Նինջի մեջ զգաց ինչ-որ մեկի ներկայությունը սենյակում: Առանց վեր կենալու` Մոցարտը շրջեց գլուխը:
Դռան մոտ, խավարի մեջ պատին ձուլված, սևին էր տալիս մի մութ զանգված: Տձև մարմինը պոկվեց պատից և սկսեց մոտենալ: Տղամարդ էր`լայն, սև սերթուկով, սև փողկապով, սպիտակ, անարյուն դեմքով: Մոցարտը լուռ էր:
«Ահա մահն ինքը»,- մտածեց սոսկումով, ապա կամացուկ հարցրեց.- Ինչո՞վ եմ պարտական Ձեր այցին:
Անծանոթը լուռ մեկնեց մի ծրար: Դա հակիրճ նամակ էր, որով Մոցարտին տրվում էր «Ռեքվիեմ» գրելու պատվեր: Կատարման ժամկետը և գինը` պարոն մաեստրոյի հայեցողությամբ:
- Ո՞ւմ կողմից եք եկել,- հարցրեց Մոցարտը:
- Պատվիրատուն ցանկանում է, որ իր անունը գաղտնի մնա: Պատվիրատուն գիտակ մարդ է: Ե՞րբ գամ:
-Չորս շաբաթից:
Մոցարտը ցնցվեց: Ռեքվիե ՜մ: Հոգեհանգստի պատարագ: Իզուր չէ, որ վերջերս մահվան գաղափարն այնպես համառորեն հետապնդում է իրեն: Իսկ սևազգեստ մարդը: Այո, դա հավանաբար հանդերձյալ աշխարհի պատվիրակն էր:
Մոցարտը տենդագին շտապողականությամբ աշխատում էր «Ռեքվիեմի» վրա:
-Սա գրում եմ ինձ համար, սա իմ մահվան պատարագն է,- ասաց մի երեկո կնոջը:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



