Այսօր կրկին հանդիպելու են Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, և ըստ ամենայնի՝ կրկին ոչ մի միկրոբեկում չի լինելու։ Մեծ հաշվով՝ կտրուկ բեկման ռեալ հնարավորություններ էլ չկան, բայց չի էլ կարելի ասել, որ ակնկալիքներ ունենալը սին բան է։

Մեծ հաշվով՝ բանակցային գործընթացի այս փուլում տեսանելի դրական շարժումը սկսվում և ավարտվում է Սանկտ-Պետերբուրգում ու Վիեննայում ստանձնած պարտավորությունների ի կատար ածման տեսլականով, որոնցից առանցքայինը միջադեպերի հետաքննության վստահելի մեխանիզմների ներդրումն է։ Ու մեծ հաշվով՝ վերջին տարում բանակցություններն ընթացել են հենց այդ առանցքի շուրջ․ Հայաստանն ասել է, որ մինչև դա չարվի, ոչ մի ուրիշ բանի շուրջ իմաստ չկա բանակցելու, Ադրբեջանն էլ անում է հնարավոր ու անհնար ամեն բան, որպեսզի չկատարի արդեն ստանձնած պարտավորությունները։

Հիմա հետաքրքրականն այսօրվա հանդիպումը չէ՝ որպես այդպիսին, այլ դրա հարակից պրոցեսները։ Վերջին ամիսների զարգացումներից, միջնորդ երկրների պաշտոնական ու ոչ պաշտոնական հայտարարություններից, ինչպես նաև նախանշվող մի շարք այլ աշխարհաքաղաքական պրոցեսներից (օրինակ՝ ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումը) կարելի է ենթադրել, որ այս հանդիպումը, այնուամենայնիվ, «հերթականը» չի լինելու։

Հայաստանի ակնկալիքները, չի կարելի ասել, որ փոխվել են, բայց դիրքորոշումը կոշտացել է․ միջնորդները պետք է ավելի հետևողական լինեն Ադրբեջանի նկատմամբ, որովհետև եթե հիմա չեն կարողանում հետաքննության մեխանիզմի պես թեթև հարցում Ադրբեջանին պարտադրել հենց իր կողմից ընդունված պարտավորությունը, ապա ինչպե՞ս են վաղն ավելի լուրջ հարցերում անելու դա։

Մյուս կողմից՝ հարցի արդի կոնյուկտուրայում գործում է չհնչեցվող, բայց բոլորի համար հասկանալի մի ստատուս քվո, համաձայն որի՝ ՄԽ կոնտեքստում գլխավոր խաղացողը ՌԴ-ն է, հետևաբար այս ակնկալիքներն էլ առավել շատ ուղղված են հենց ՌԴ-ին։

Ելնելով վերոգրյալից՝ կարծում եմ, որ շատ հարցեր, այդ թվում՝ շրջանակային համաձայնագրի հետագա ճակատագիրը, մեծապես պայմանավորված է նրանով, թե որքանով արդյունավետ կլինի այս հանդիպումը, ու այդ արդյունավետությունը կամ էլ անարդյունավետության դեպքում Ադրբեջանին սանձելուն ուղղված ռուսական քայլերը որքանով վճռական կլինեն ու որքանով դուր կգան հայկական կողմին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել