Տեսեք. Լեհաստանը ՌԴ կողմից հակապատժամիջոց կիրառելուց առաջ տարեկան մոտ մեկ միլիոն տոննա խնձոր էր տանում Ռուսաստան: Ընդհանուր առմամբ Լեհաստանի խնձորի արտադրության 70%-ը գնում էր ՌԴ, ու դա կազմում էր մոտ 350 միլիոն դոլար տարեկան, ու դրան գումարվում էր մի 30 միլիոն դոլար, որը բեռնափոխադրողներն էին ստանում: Ընդ որում՝ սա լեհական ընդհանուր կորուստների ընդամենը 10 տոկոսն է:

Խնձորի արտադրությունը, ինչպես և այլ գյուղատնտեսական ոլորտներ, շատ փոքր արդյունավետություն ունի, ասել է, թե՝ ահագին մարդ ա պահանջվում էդ բիզնեսում: «Գյուղում» մեկ դոլար աշխատելու համար անհրաժեշտ է տասն անգամ ավել մարդկային ուժ, քան քաղաքում: Օրինակ՝ քաղաքում կես միլիոն դոլար շրջանառություն ունեցող ռեստորանը կամ բանկը կունենա 10-15 աշխատակից, իսկ նույնքան խնձոր արտադրելիս պետք կլինի 100-150 մարդ: Ու թեև գյուղատնտեսությունը Լեհաստանի ՀՆԱ-ի ընդամենը 2,7%-ն է, այն ունի ՔԱՂԱՔԱԿԱՆ գրեթե նույն կշիռը, ինչ որ ունի 38,5% կազմող արդյունաբերությունը: Սա ունիկալ պատկեր չէ, բոլոր ժողովրդավարական երկրներում է այդպես: ԱՄՆ-ում կա Հանրապետական կուսակցություն, քանի դեռ կա շատ անարդյունավետ ու աղքատ գյուղական Ամերիկան: Մեծ առումով՝ Հայաստանում էլ է գյուղը Հանրապետականների հիմքը:

300 միլիոնի խնձոր արտադրելու համար, ոնց էլ լինի, մի 70 հազար աշխատող պետք կլինի: Իսկ որտեղ ահագին մարդ կա, այնտեղ ահագին քաղաքական ռեսուրսի պոտենցյալ կա: Երբ լեհ գյուղացուն ասում ես, որ նա աշխատավարձ չի ստանա, որովհետև ինչ-որ մեկն ինչ-որ տեղ ինչ-որ թերակղզի է իրենով արել, ու Լեհաստանը դա չի ընդունում, այդ գյուղացին ֆռալու ա, ասի՝ բայց մեզ ի՞նչ է... Գյուղացին գյուղացի ա ամեն տեղ. անտառ կտրող գյուղացու ու խնձոր աճեցնող գյուղացու տարբերությունը շատ քիչ է: Նրանք չեն սիրում վաղվա օրվա մասին մտածել, այլապես շուտվանից փախած կլինեին քաղաք:

Հակապատժամիջոց կիրառողն այս ամենը շատ լավ գիտի։ Նա շատ լավ գիտի, որ ամբողջ Եվրոպայի գյուղատնտեսությանը հարվածելով նա կնպաստի աջական գաղափարախոսության աճին, որը ազգայնականություն ու իզոլյացիոնիզմ և ուրեմն՝ եվրոսկեպտիցիզմ կքարոզի: Ընդ որում՝ աջական օրակարգ ֆինանսավորելու համար սեփական փողի կարիքն էլ չկա, ընդամենը լեհ բիզնեսմենին կանչում, ասում ես, որ նա այսուհետ Բելառուսիայով կարա իր խնձորը ներմուծի ՌԴ այն պայմանով, եթե օգնի լեհ ազգայնականներին, որովհետև «բազմաչարչար լեհ ժողովուրդն արժանի է վերջապես ապագա ունենալու... հերիք եղավ, բոլ եղավ... սլավոնական դարավոր եղբայրություն... ու տենց...», տեքստերը միշտ նույնն են, մենակ տոպոնիմներն ու «հերոսների» անուններն են փոխվում: Տենց մի օպերատիվնիկ լեհ ազգայնականներին ուղղված նամակում մոռացել կամ շփոթել էր Մոնտենեգրոյի տոպոնիմները ջնջել, լեհ հակահետախուզությունը պերեխվատ էր արել ու զեկուցել։ Մի ամիս հետո Մոնտենեգրոյում NATO մտնելու պատճառով հեղաշրջում պատրաստող «հերոսներին» ձերբակալում են՝ մեջները մի քանի ՌԴ քաղաքացի ու Լեհաստանում ՌԴ դեսպանատան նախկին ռազմական ատաշե)))) Bellingcat-ը հետո պատմեց, թե ոնց էր Գլազյեվն այդ ամենը կազմակերպել: Հա, հենց էդ Գլազյեվը:

Իրավիճակի ցինիզմը նրանում է, որ լեհ բիզնեսմենը շատ լավ գիտի՝ ինչու են նրան «մեծահոգաբար» թույլ տալիս «սևով» խնձոր ներմուծել, դա նաև շատ լավ գիտի այն լեհ պատգամավորն ու լրագրիստը, ովքեր լեհ բիզնեսմենից փող են ստանում: Բայց բոլորը տուն են պահում: Բիզնեսմենը պիտի խնձոր ծախի, որ աշխատավարձ կարենա տա տասնյակ հազարավոր մարդկանց, պատգամավորը պիտի քվե ստանա տասնյակ հազարավոր մարդկանցից, թե չէ չի ընտրվի, Դոնալդ Տուսկին տենց տասնյակ պատգամավոր է պետք, որ վերընտրվի Եվրախորհրդի նախագահ ու չձերբակալվի Լեհաստանում:

Բարեբախտաբար, գյուղատնտեսությունը չէ, որ Եվրոպայի տնտեսական հիմնաքարն է, թեկուզ և քաղաքական լուրջ կշիռ ունի: Բարեբախտաբար, Արևելյան Եվրոպայից դուրս շատ դժվար է «լեզու գտնել» լուրջ կշիռ ունեցող քաղաքական գործիչների հետ: Արդյունքում նացիստները կարան մտնեն պառլամենտ, բայց հաղթում են, միևնույն է, նույն Մերկելն ու Յունկերը, ովքեր շատ լավ գիտեն, որ էդ գյուղատնտեսությունն ուշ, թե շուտ այլ շուկաներ կճարի ու կկտրվի ռուսական ասեղից: Գազից ու նավթից որ կտրվան, գյուղատնտեսությունն ինչ ա, որ չկտրվեն: Ու երբ Սերժ Սարգսյանը դեկլարատիվ բնույթի թուղթ ստորագրելու համար երկիրը գրեթե հասցնում է տոտալ կոլապսի, նա նույնպես շատ լավ գիտի, որ մի քանի տարուց Մերկելն ու Յունկերն են հակագրոհը սկսելու: Նժդեհը մի բան գիտեր էլի...

Հ.Գ. Արդեն երեք տարի է, ինչ հակապատժամիջոցներն ուժի մեջ են, մինչդեռ լեհական խնձորները գրեթե նույն ծավալով հայտնվում են Ռուսաստանում, պարզապես մի փոքր այլ ճանապարհով և միանգամայն այլ «ագավորկով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել