Երկու ժամ ա՝ Շրջանակային համաձայնագրի դավթարն եմ կարդում։ Տնտեսագետ չեմ ու քիչ բան կարող եմ ասել համաձայնագրի տնտեսական կողմի մասին, բայց երեք բան կա, որ աչք ծակեց այս փաստաթղթում ու դրա հարակից քննարկումներում։

1․ Արցախի մասով նույն հին լոլոն է․ կոնֆլիկտը պետք է կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով՝ զերծ մնալով ուժի կիրառման սպառնալիքներից և հավատարիմ մնալով սահմանների անձեռնմխելիության ու ազգերի ինքնորոշման իրավունքներին։ Այսինքն՝ ապրիորի անլուծելի ու իրար բացառող ցուգցվանգն է, որին արդեն սովոր ենք։ Նշեմ նաև, որ սովոր ենք, որ նույն Ադրբեջանն առնվազն ուժի կիրառության մասին սպառնալիքներ է անում և փորձում իրացնել, բայց որևէ պատիժ ու սանկցիա չի կրում դրա դիմաց։

Արցախյան հիմնախնդրի մասով Շրջանակային համաձայնագիրը ՈՉԻՆՉ չի տալիս՝ ո՛չ լավը, ո՛չ վատը։

2․ Շատ է խոսվում, որ այս փաստաթղթի ընդունման շնորհիվ մենք կարող ենք վրացիների պես առանց վիզաների ֆռֆռալ։ Դա այդքան էլ այդպես չէ, ավելի ճիշտ՝ ամենևին այդպես չէ։ Վիզաների մասով խոսվում է ՄԻԱՅՆ վիզային ռեժիմի ազատականացման մասին, բայց առանց վիզաների ռեժիմից դեռ շա՜տ հեռու ենք, և այս փաստաթուղթը որևէ երաշխիք չի տալիս, որ այդպիսի ռեժիմ կլինի։

Անձամբ ինձ համար եսիմ ինչ մի կարևորության թեմա չէ վիզաների մասը, բայց քանի որ հենց այս թեման է առավել շատ շահարկվում, ասեմ հատուկ նրանց համար, ովքեր հույս ունեն, որ այս փաստաթղթի ստորագրումից հետո հեշտ ու հանգիստ կարող են նստել ինքնաթիռ ու Բաքվի փոխարեն Փարիզում թեյ խմել, կամ էլ առանց մի քանի հազար դոլար կաշառք բաժանելու կարող են ուղղակի տոմս առնել ու գնալ, Գերմանիայում փախստականների ճամբարների հանձնվել։ Մի շտապեք, այս փաստաթուղթն այդ հնարավորությունը չի ընձեռելու։

3․ Փաստաթուղթը մեծամասամբ կենացների ցանկ է հիշեցնում, ու գրեթե բացակայում են կոնկրետ գործողություններ ենթադրող կետեր, որոնք էլ որ կան, խիստ լղոզված են։ Եզակի հստակ կետերից մեկը վերաբերում է Մեծամորի ատոմակայանին, որը, ըստ փաստաթղթի, անպայմանորեն պետք է փակվի։ Այսքանով հստակությունը վերջանում է, որովհետև այնուհետև խոսվում է ինչ-որ ճանապարհային քարտեզի մասին, որում նշվելիք քայլերը կօգնեն ՀՀ-ին ինչ-ինչ այլընտրանքի նախնական փուլին գալ, որը հնարավոր կդարձնի Հայաստանի էներգետիկ անկախությունը։

Հասարակ մահկանացուների լեզվով ասած՝ փաստաթղթում ասվում է՝ դուք նաղդ փակեք ատոմակայանն ու հնարավորինս շուտ, հետո մի բան կանենք, որ մի բան լինի։ Սակայն ոչ մի հստակ բան չի ասվում, թե ինչ է այդ մի բանը, որ պետք է արվի, ով է անելու այդ մի բանը, երբ է անելու ու ինչ փողերով։

Մի խոսքով՝ շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ սա իլայի փաստաթուղթ է, որն ի սկզբանե դիտարկվում է որպես քաղաքական առևտրի գործիք Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Ու շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ դրա ստորագրումը տապալվելու է։

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել