Օլիգարխ Կարեն Վարդանյանը կոպիտ ոտնահարում է իմ և երեխայիս հանգիստ և առողջ պայմաններում ապրելու իրավունքը, կարճ ասած՝ մեզ պատանդ է վերցրել մեր իսկ սեփական բնակարանում: Մենք՝ ես և երեխաս, զրկված ենք հանգիստ պայմաններում ապրելու իրավունքից, որովհետև մի օր օլիգարխի մտքին փչեց սրճարան կառուցել հենց մեր բնակարանի տակ: Կառուցեց 3 հարկանի օբյեկտ՝ 0 հարկում՝ նկուղ-պահեստ, 1 հարկում՝ խանութ, 2 հարկում՝ սրճարան-ՇԵՆՔ ՇԵՆՔԻ ՆԵՐՍՈՒՄ՝ խախտելով շինարարության բոլոր նորմերը, ինչի հետևանքով մեր տան պատերն ու ապակիները ճաքեցին, ես և երեխաս մի շարք լուրջ հիվանդություններ ձեռք բերեցինք: Այդ դժոխքը սկսվեց 2006թ. և շարունակվում է մինչ օրս: Ի դեպ ասեմ, որ այդ տարածքում նախկինում գործում էր տնտեսական խանութ՝ 1 բարձր հարկով, որը մեզ ընդհանրապես չէր խանգարում:
Դիմել եմ տարբեր ատյաններ և ստացել եմ նույնատիպ պատասխաններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Օրենքի այն խախտումները, որոնք երևում են անզեն աչքով և լսվում են անզեն ականջով, մեր չինովնիկները չեն տեսնում և չեն լսում: Քաղաքապետարանի չինովնիկները թույլ են տվել կառուցել ՇԵՆՔ ՇԵՆՔԻ ՆԵՐՍՈՒՄ՝ այդ փոքր տարածքում տեղավորելով և՛ պահեստ, և՛ խանութ, և՛ սրճարան, ինչը թույլատրելի չէ: Ինչպե՞ս կարող էին նման բան թույլ տալ, թող գան, մեկ օր ապրեն մեր տանը, որ իրենց կաշվի վրա զգան այս ամենը: Մենք ապրում ենք ռազմի դաշտում, անտանելի պայմաններում և տարաբնույթ աղմուկի ներքո: Խանութ-սրճարանի աշխատանքի հետևանքով առաջացող աղմուկը տարբեր տեսակի հզոր սարքավորումների և ինքնաշեն վերելակի աշխատանքի արդյունքն է, էլ չեմ ասում անտանելի երաժշտությունը, որը մեզ հասնում է ոռնոցի տեսքով, շրխկոցը և դրխկոցը, երբ ապրանք են ստանում, և այդ ամենը տեղի է ունենում օրվա տարբեր ժամերին, իսկ գիշերը չենք կարողանում քնել օդափոխիչների և այլ սարքավորումներից առաջացող աղմուկի պատճառով: Օդափոխիչները տեղադրված են անմիջապես մեր պատուհանի տակ՝ մեկն էլ չի, 3 հատ, սրճարանից դուրս եկող աղտոտված օդը լցվում է մեր տուն, ի՞նչ է, մենք պարտավո՞ր ենք շնչել այդ աղտոտված օդը, իսկ ամռան ամիսներին պայքարել միջատների դեմ, որոնք հավաքվում են սրճարանի վառ լուսավորության վրա և լցվում են մեր բնակարան, էլ չեմ ասում, որ այդ լուսավորությունը ահավոր տաքացնում է մեր առանց այդ էլ շոգ բնակարանը: Սրճարանը աշխատում է ժամը 8-ից 23-ը, մենք ստիպված ենք օրվա մեծ մասն անցկացնել դրսում, որովհետև հնարավոր չէ ապրել այդ պայմաններում: Մինչև ե՞րբ պետք է այս ամենը շարունակվի, մինչև ե՞րբ պետք է մեր չինովնիկները չտեսնեն և չլսեն այն, ինչ երևում է անզեն աչքով և լսվում է անզեն ականջով, թե՞ պարզապես չեն ուզում տեսնել և լսել, որովհետև նրանք «Գրանդ Քենդի» շոկոլադ և պոնչիկ շատ են սիրում և չեն ուզում զրկվել այդ քաղցր հաճույքից:



