Աքսիոմատիկ եւ այբուբենային ճշմարտություն է, որ քաղաքական համակարգի հիմքը եւ հենասյուները կուսակցություններն են: Չկա աշխարհի որեւէ մի նորմալ երկիր, որտեղ քաղաքական կուսակցություններ չլինեն, ու դրանք քաղաքական կյանքի առանցքային դերակատարները չլինեն:
Քաղաքագիտական որոշ դասակարգումներում քաղաքական կուսակցությունները մաս են կազմում թե՛ քաղաքական համակարգի, թե՛ քաղաքացիական հասարակության, քանի որ կոչված են վեր հանել ու իրագործել քաղաքացու քաղաքական պահանջմունքներն ու իրավունքները, ինչպես որ քաղաքացիական այլ ինստիտուտներ դա անում են այլ բնույթի իրավունքների եւ պահանջմունքների համար: Հետեւաբար, քաղաքական կուսակցությունները քաղաքական-քաղաքացիական տարածության անբաժանելի մասն են եւ չափազանց կարեւոր են երկրի քաղաքական անվտանգության համար:
Վերջին շրջանում Հայաստանում տեսակետներ (հաճախ հասրակական-քաղաքական գործիչների կողմից) են հնչում այն մասին, թե քաղաքական կուսակցությունները այլեւս անելիք չունեն կամ մերժում են բոլոր քաղաքական կուսակցությունները, գաղափարախոսությունները: Չեմ ուզում դրանք որակել քաղաքական անհեռատեսություն, բայց կասեմ, որ հակաքաղաքագիտական, անլուրջ ու հիմնազուրկ մոտեցումներ են:
Կհամաձայնեմ, որ քաղաքական կուսակցությունները
- կայանալու խնդիր ունեն,
- ժողովրդավար դառնալու խնդիր ունեն,
- անձնակենտրոն-առաջնորդակենտրոն չլինելու խնդիր ունեն,
- խմբային շահեր չհետապնդելու խնդիր ունեն,
- ինքնաբավ լինելու խնդիր ունեն,
- արտաքին ազդեցություններից զերծ լինելու խնդիր ունեն,
- լիքը այլ խնդիրներ ունեն
Բայց ի՞նչ են առաջարկում դրանց փոխարեն բոլոր նրանք, ովքեր մերժում են կուսակցությունները` հասարակական կազմակերպություննե՞ր, քաղաքացիական խմբակնե՞ր, ամբոխավարությո՞ւն:
Եւ որ ավելի կարեւոր է` քաղաքական անվտանգության հենասյուները քանդելուց հետո ի՞նչ ինստիտուտներով է ապահովվելու երկրի քաղաքական անվտանգությունը:
Զարմանալի է, որ անկախացումից 22 տարի հետո էլ Հայաստանում նոր «քաղաքագիտություն» են հորինում:
Դեմ չեմ, կարելի է նման մտավարժանքներ անել, բայց ոչ երկրի քաղաքական անվտանգությունը վտանգելու հաշվին:
Կասեք` առանց այն էլ քաղաքական կուսակցությունների ներկայիս վիճակի պատճառով այդ անվտանգությունը վտանգված է: Կհամաձայնեմ: Բայց նաեւ կասեմ` պետք է կայացնել կուսակցությունները, այլ ոչ թե մերժել ու քանդել դրանք: Եւ դա անպայման կասեի անկախ նրանից, ես կուսակցակա՞ն եմ, թե՞ ոչ: Ուղղակի քաղաքական կյանքի ինքնակազմակերպման ամենահայտնի ու արդյունավետ ձեւը դա է:



