Դեռ երկու ամիս առաջ էի գրել, որ ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը ոչ այլ ինչ է, քան բլեֆ ու քաղաքական առևտրում ավելի շահեկան դիրքերից բանակցելու համար մոգոնված հնարք: Իրական դրույքը Ռուսաստանից նոր վարկեր/ներդրումներ/համագործակցության եզրեր պոկելն է:

Ու դեռ երկու ամիս առաջ ասել էի, որ, ամենայն հավանականությամբ, ռուսները տալու են մեզ նոր զենքի վարկ, գազի գինն են իջեցնելու ու ԵԱՏՄ շրջանակներում ինչ-ինչ զիջումներ ու սուբսիդիաներ են անելու:

Այսօր իմանում ենք, որ առնվազն զենքի մասով արդեն ռուսները թուլացել են, ու 100 միլիոն դոլարի նոր փաթեթի շուրջ է պայմանավորվածություն ձեռք բերվել: Նաև պետք չէ անուշադրության մատնել Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը ԱՊՀ գագաթնաժողովում ու մասնավորապես՝ Իրանի մասին դրվագը: ԵԱՏՄ-ն իսկական մուրազ կարող է դառնալ, եթե մենք կարողանանք ինչ-որ ձեռնտու ձևաչափ մոգոնել տալ մեր հարավային հարևանի համար, որովհետև դա միանգամից կդիվերսիֆիկացնի նախ էներգակիրների առաջարկը Հայաստանի համար, էլ չասեմ այլևայլ ապրանքների ու ֆինանսական հոսքերի մասին:

Պարզ է, որ Ռուսաստանում մեծ խանդավառություն չի առաջացնում այս հեռանկարը, ինչը երևաց Մեդվեդևի կոշտ հայտարարությունից: Սակայն պարզ է նաև, որ Հայաստանը ռուսների համար ավելի մեծ կարևորություն ունի, քան 2-3 միլիոնանոց շուկա լինելու գործոնն է, որը չեն կարողանում կիսել Իրանի հետ:

Հիմա այս աշխարհաքաղաքական առևտուրը շարունակվում է, ու 100 միլիոնանոց հավելյալ վարկը զենքի համար միայն առաջին ծիծեռնակն է: Կարծում եմ, որ առաջիկա շաբաթներին նաև նոր համաձայնություն ձեռք կբերվի գազի սակագնի շուրջ ու/կամ մի շարք այլ հարցերում, որոնք կթեթևացնեն տնտեսական լարվածությունը մեր երկրում: Մեր կողմից էլ կոմպրոմիսի լուման կլինի ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հրաժարվելն ու հավանաբար նաև դրա կոնտեքստի հետ խոսող «Ընտանեկան բռնության մասին» օրինագծի տապալումը:

Չէի բացառի նաև այն, որ Ալիևի հետ Սարգսյանի հանդիպումը Սոչիում տապալվեց հենց նրա համար, որ Ռուսաստանից ճնշում էր գործադրվում, որպեսզի բանակցային գործընթացում առաջընթաց գրանցվի, ու Ադրբեջանն, այնուամենայնիվ, համաձայնվի հետաքննության մեխանիզմներին, ինչի արդյունքում էլ Ալիևը հրաժարվեց՝ հույս ունենալով, որ Փարիզում կայանալիք հանդիպմանը գոնե նեյտրալ տարածքի գործոնը կմինիմալիզացնի Ռուսաստանի ճնշումը, բայց սա զուտ ենթադրություն է:

Ինչևէ, դուք, իհարկե, կարող եք շարունակել հավատալ, որ ԵԱՏՄ մտնելու որոշումը մեկ օրում էր կայացված ու երբ/եթե այս կանխատեսումս էլ իրականանա, կհավատաք նույն կերպ, որ այդ որոշումն էլ մի օրում կայացվեց, բայց, դե, տրամաբանությունը լրիվ այլ բան է հուշում, և այդ բանի անունն է քաղաքական առևտուր 

Երկու ամսվա վաղեմության կանխատեսումն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել