Հոկտեմբերի 11-ին Իրաքի կառավարական ուժերի և նրանց հարող ժողովրդական աշխարհազորի («Հաշդ ալ-Շաաբի») կողմից ավարտին է հասցվել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ենթակայությունից ռազմավարական կարևորություն ունեցող ալ-Հաուիջա քաղաքի ու մերձակա 161 բնակավայրերի ազատագրության երկրորդ և վերջնական փուլը. այս ռազմագործողության արդյունքում, փաստացի, ԻՊ-ը զրկվեց իր վերջին հենակետից Իրաքի հյուսիսում:
Բացի այդ՝ նշված ռազմագործողության արդյունքում Բաղդադի ենթակայության ներքո գտնվող զորամիավորումները, փաստացի, վերահսկողություն են հաստատել նաև ալ-Հաուիջա-Քիրքուք ռազմավարական նշանակության մայրուղու վրա: 
Ուշագրավ է նաև այն իրողությունը, որ ալ-Հաուիջայի վերջնական ազատագրության ֆոնին Իրաքի Քրդստանի տարածաշրջանային կառավարության իշխանությունները հայտարարություն են տարածել առ այն, թե Իրաքի ԶՈւ-երը նախապատրաստվում են հարձակվել ալ-Հաուիջայից շուրջ 5 տասնյակ կմ հեռավորության վրա գտնվող Քիրքուքի շրջանի դեմ, ինչը, սակայն, հերքվել է պաշտոնական Բաղդադի կողմից:
Չնայած հերքմանը, այսուհանդերձ, միանշանակ է, որ նման կերպ պաշտոնական Բաղդադը նաև ավելացնում է համակողմանի ճնշումը Էրբիլի նկատմամբ՝ անկախության հանրաքվեից հետո ակնկալվող գործընթացներում՝ որևէ կերպ չընդունելով սեպտեմբերի 25-ին անցկացված քվեարկության իրողությունը:
Ավելին՝ քաղաքական, տնտեսական, ռազմական ճնշմանը զուգահեռ՝ ուղղակի քայլեր են իրականացվում նաև իրավական հարթությունում: Մասնավորապես՝ դարձյալ հոկտեմբերի 11-ին Բաղդադի դատարանը ձերբակալության սանկցիա է տվել Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեն կազմակերպած հանձնաժողովի 2 առանցքային անդամներին: Նրանք մեղադրվում են Իրաքի Բարձրագույն դատարանի ընդունած վճիռը խախտելու մեջ, որը քվեարկության անցկացումը որակել էր որպես «հակասահմանադրական» և արգելել այն:
Այսպիսով՝ կարելի է ենթադրել, որ վերոնշյալ գործողություններով պաշտոնական Բաղդադը ևս պատրաստվում է Էրբիլի հետ բանակցային գործընթացին՝ ավելացնելով իր ձեռքում եղած խաղաքարտերը: Մինչդեռ եթե Իրաքյան Քրդստանի իշխանությունների տիրապետած գլխավոր հաղթաթուղթը հանրաքվեի արդյունքներն են, ապա Իրաքի կենտրոնական կառավարությանը, փաստացի, ավելի բազմազան են՝ հավելյալ միջազգային համակողմանի լայն ճնշումը Էրբիլի նկատմամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել