Երկար ժամանակ է՝ իգական սեռը իր կատարած քայլերով ու նվաճումներով փորձում է ապացուցել, որ տղամարդու հետ հավասար սանդղակի վրա է կանգնած: Գուցե շատերը թերագնահատում են կնոջ վարորդական հմտությունները, սակայն երևույթն արդեն անսովոր չէ: Կարելի է ասել, որ անգամ անշուք ավտոմեքենան գեղեցիկ ու գայթակղիչ է դառնում, երբ այն վարում է կինը: Սակայն ոչ բոլոր տղամարդիկ են կարծում, որ կանայք կարող են մեքենա վարել, նրանց կարծիքով ավտոմեքենան ստեղծված է միայն տղամարդկանց համար:
Իսկ ի՞նչ է ավտոմեքենան կնոջ համար:
Առաջին հերթին փոխադրամիջոց, որն օգնում է ժամանակակից կնոջը հասցնել իր վրա դրված բազմաբնույթ պարտականությունները, հետո միայն ճոխության ու ինքնատիպ ոճի արտահայտման ձև: Չնայած կանայք նույնիսկ ընթացքի ժամանակ մեքենայի հետևի տեսադաշտի հայելին օգտագործում են շպարը կամ մազերը հարդարելու նպատակով, այնուամենայնիվ, նրանց մայրական բնազդն այնքան ուժեղ է (առավել ևս եթե մեքենայում երեխա կա), որ ստիպում է ավելորդ ռիսկի չգնալ և լինել զգոն նույնիսկ սեփական արտաքինին հետևելու պահին: Դրա հետ մեկտեղ գիտնականները ընդգծում են նաև, որ կանայք ավելի լավ են հաղթահարում սթրեսները և ավելի սառն են վերաբերվում էքստրեմալ իրավիճակներին: Կին վարորդներն անհամեմատ ավելի կարգապահ են, երթևեկության կանոնները ավելի լավ են պահպանում, քան տղամարդիկ:



