Իմ հայրենի Գեղարքունիքի մարզում գարնանից մինչև աշուն ընտանիքները մնում են առանց տղամարդու: Տան ողջ հոգսը կնոջ և երեխաների ուսերին է: Մարզը բացառապես ապրում է դրսից բերված փողերով: Մարզի այն բնակավայրերը, որտեղից արտագնա աշխատանքի չեն մեկնում, ամենաաղքատն են: Աղքատ է թե՛ համայնքի բյուջեն, թե՛ համայնքի բնակչությունը: Փորձի համար, եթե մեկ տարի արգելվի մարզից արտագնա աշխատանքի մեկնելը, ապա մարզը ոչ պակաս աղետի գոտի կդառնա: Խոսքս ցանկանում եմ բերել նրան, որ մարզի լավ ապրելը կապ չունի ոչ մի ղեկավարի հետ, բացարձակ կապ չունի: Մեկը, որ իմ հարազատները հողի հարկ, գույքահարկ մուծում են ոչ թե հողից ստացված եկամուտից, այլ դրսից ստացված փողերից: Նորից հարազատներիս օրինակով ասեմ, որ համայնքային բյուջե են մուտքագրում այն ավտոմեքենաների գույքահարկը, որոնք գնել են նորից դրսի փողերով, այդ գույքահարկը նույնպես դրսի փողերով է մուծվում... Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի և Ճամբարակի տարածաշրջանի կենսամակարդակն անհամեմատելի է, ծայրահեղությունից ծայրահեղություն է, քանի որ ճամբարակցիներն արտագնա աշխատանքի չեն մեկնում, և ապրում են այնպես, ինչպես որ ապրում են, իսկ մարտունեցիների տղամարդիկ, կարելի է ասել, 90 տոկոսով արտագնա աշխատանքի են մեկնում և սեզոնի վերջում Մարտունու տարածաշրջան բերում միլիոնավոր դոլարներ: Այնպես որ, մարզի կենսամակարդակի բարձրացման հարցում մի հատ մեծ շնորհակալություն հայտնեք խոպանչիներին, ովքեր, իրենց տուն-տեղ թողած, ակամայից զբաղվում են մարզի զարգացման գործով...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել