Ես ո՛չ հայ երեխաներ որդեգրել ձգտող գեյերի մասին խոսակցություններին եմ լուրջ վերաբերվում, ո՛չ էլ Ընտանեկան բռնության դեմ օրենքին հակադրվողներին որպես կին ու երեխա ծեծելու կողմնակից պիտակավորելու փորձերին: Իմ համեստ կարծիքով՝ անգամ եթե օրենքն ընդունվի, այն պարզապես չի աշխատելու ու դրանում ո՛չ գեյերն են մեղավոր, ո՛չ էլ օրենքին դեմ հանդիսացողները:

Իմ անձնական դիրքորոշումը հետևյալն է. ես չեմ կարծում, որ կարիք կա բռնությունը դիվերսիֆիկացնելու ու առանձին «ընտանեկան բռնություն» եզրույթ առաջացնելու: Բռնությունը բռնություն է: Կնիկ-երեխա ծեծող մարդիկ էլ անում են դա սոցիալական կուլտուրայի իրենց մակարդակից ելնելով, ոչ թե նրա համար, որ սպեցիֆիկ օրենք չկա:

Հայաստանում առավել հաճախ հանդիպող իրավիճակն ընտանեկան բռնության դեպքում, որը հասել է ոստիկանություն, մոտավորապես այս սցենարով է զարգանում. կինը բողոքը գրում է, ամուսնուն բերման են ենթարկում, հաջորդ օրը կամ էլ նույն օրը կինը բարեկամների-ընկերների ճնշման տակ դիմումը հետ է վերցնում, ու եթե չկա մարմնական ծանր վնասվածք ու սպանություն, ապա ոստիկանությունն էլ ոչինչ չի կարող անել: Կնոջն էլ դժվար է մեղադրել, որովհետև շատ հաճախ, ի դեմս բռնարար ամուսնու, նա ունի նաև եկամտի ու բարեկեցության միակ աղբյուր: Նման ամուսինների մոտ էլ, ի դեպ, սա բերում է ռեցիդիվի ու անպատժելիության զգացման:

Հիմա ինձ ասեք, թե նշված օրինակում ո՞րն է իրական խնդիր՝ որ մեզ մոտ կանանց աշխատանքային զբաղվածությամբ ապահովելու խնդիր կա՞, որ հաճախ կանանց աշխատել թույլ չտալու մշակույթն է կուլտիվացվո՞ւմ, որ նման բռնարար ամուսնուն իր հարևան-բարեկամները, միևնույն է, բարևում են ու շարունակում են հարաբերվել որպես սոցիումի լիարժեք ու նորմալ ինդիվիդի հետ պարսավելու ու անարգանքի սյունին գամելու փոխարեն, թե՞ որ Հայաստանը չունի ընտանեկան բռնության մասով օրենք:

Այն, որ կա բռնության խնդիր, փաստ է: Որ կա կուլտուրայի ճգնաժամ, դա էլ փաստ է: Որ պետք է ինչ-որ բան անել, ոչ մի կասկած: Որ այս օրինագծից առաջ եկած հանրային քննարկումը գոնե օգտակար է, դա էլ չեմ վիճարկի: Մնում է պիտակավորման փակ շրջանից դուրս գալ ու այդ հանրային քննարկումներում հնչող առավել ողջամիտ տարրերն առանձնացնել: Մեկ էլ մյուս անգամ, երբ նման նուրբ թեմաների մասին օրինագիծ է պետք անցկացնել, երևի թե ճիշտ կլինի հանրային քննարկումների փուլը նախորդի այդ օրինածի՝ ԱԺ-ում քվեարկության փուլին, քան հակառակը, որ ցայտնոտ ու էմոցիոնալ փոթորիկներ չլինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել