Հոկտեմբերի 9-ին Փարիզում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրությունների առաջին փուլը, որի արդյունքում 7 թեկնածուներից առավելագույն ձայները ստացել են Քաթարի, Ֆրանսիայի և Եգիպտոսի ներկայացուցիչները:
Թեկնածուների թվում էր նաև ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն: Ադրբեջանում մեծ հույսեր ունեին վանդալիստ ծերունու վերաբերյալ, ով, զբաղեցնելով Ադրբեջանի մշակույթի նախարարի պաշտոնը, ժամանակին ոչնչացրեց Ջուղայի խաչքարերը: Հիմա էլ սույն բարբարոսին Բաքուն ցանկանում էր դարձնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն: Սակայն առաջին փուլի արդյունքներից կարելի է ենթադրել, որ Բաքվի նավթախավիարային դիվանագիտությունը ֆիասկո է գրանցել: Բաքվի թեկնածուին ձայն է տվել ընդամենը 2 երկիր:
Բաքվում, բացի իրենց ձայնից, 100% համոզված էին, որ Փոլադ Բյուլբյուլօղլուին ձայն կտան նաև Անկարան և Մոսկվան: Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 4-ին ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը հայտարարել էր, որ Ռուսաստանը կպաշտպանի Ադրբեջանի ներկայացուցիչ Փոլադ Բյուլբյուլօղլիի թեկնածությունը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն:
Քվեարկության արդյունքներից կարելի է ասել, որ Ադրբեջանի «ծնողներից» կա՛մ Ռուսաստանն է խաբել Ալիևին, կա՛մ էլ Իլհամ բաբային «դավաճանել» է Թուրքիան:
Չեմ զարմանա, եթե պարզվի, որ «դավաճանը» Էրդողանը լինի: Վերջին շրջանում Թուրքիայի բռնապետը տարված է Քաթարով: Ալ-Թանիների հեքիաթային հարստությունը հանգիստ չի տալիս Էրդողանին:

Հ.Գ. Ադրբեջանական ԶԼՄ-ները չեն բարձրաձայնում Բյուլբյուլօղլուի ստացած 2 ձայնի մասին տեղեկությունը: Երևի ամաչում են կամ նրանք էլ են փնտրում «դավաճանին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել