Hraparak.am-ը գրում է.

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր առավոտյան «Կոնվերս բանկի»՝ Սայաթ-Նովա փողոցում գտնվող մասնաճյուղից կողոպուտ է կատարվել։ Ըստ նախնական տեղեկության՝ բանկ մտած անհայտ անձը սպառնացել է պայթեցնել բանկը, ապա սպառնալիքի տակ հափշտակել է 60 հազար եվրոյի չափ գումար ու հեռացել։ 

Hraparak.am-ը պարզեց, որ «Կոնվերս բանկի» պահպանությունն իրականացնում է «Պանտեռա սեքյուրիթի» պահնորդական ընկերությունը, որի աշխատակիցը ևս եղել է բանկում։ Մենք մի քանի հարց ուղղեցինք «Պանտեռայի» տնօրեն Վահե Դարբինյանին, թե ինչ կարող է կատարվածի վերաբերյալ ասել իրենց մասով։ 

«Մեր մասով ոչ մի բան չկա, մենք ահազանգ չենք ստացել, չենք կարողացել հասկանալ, որ էդտեղ կողոպուտ է տեղի ունենում։ Մեր աշխատողին հարցաքննել են, կարելի է տենց ասել, հարցուփորձ են արել՝ ինչ է տեղի ունեցել, ինքն ընդհանրապես չի էլ հասկացել, որ ինչ-որ բան է տեղի ունենում, որովհետև շատ քողարկված է էդ ամեն ինչը եղել ու մեր տեսադաշտից դուրս է եղել, ցավոք սրտի»,-ասաց Վահե Դարբինյանը։

-Մե՞կ աշխատող ունեք այնտեղ։

-Այո, էնտեղ մի աշխատող ունենք։

-Իսկ ի՞նչ է մտնում նրա ֆունցկիաների մեջ, ինչպե՞ս է իրականացնում բանկի պահպանությունը։ 

-Ներսում է լինում, ներսում էլ եղել է, էդ մարդն էլ կողքով անցել է, բայց ոչ մի տարօրինակ բան ինքը չի զգացել, որովհետև նույնիսկ նախօրոք ասվել է, որ ինքը VIP հաճախորդ է, ու դրա համար ինքը ոչ մի տարօրինակ ռեակցիա չի տվել։ 

-Այսինքն՝ առանձի՞ն սենյակում է սպասարկվել։

-Դե առանձին սպասարկում է, առանձին սենյակում է սպասարկվում, մի խոսքով՝ լրիվ առանձին են բոլոր հարցերով։

-Մի փոքր տարօրինակ է, ամեն դեպքում, պարոն Դարբինյան․․․

-Տարօրինակությունները շատ-շատ են, բայց եկեք էդ բանի մասով չխոսեմ, որովհետև իմ իրավասություններն էստեղ սահմանափակվում են, ես հասկանում եմ՝ Դուք ինչի մասին եք խոսում։

-Նկատի ունեմ՝ անվտանգության աշխատակիցների պրոֆեսիոնալիզմի խնդիր չկա՞ այստեղ։ 

-Ընդհանրապես ոչ մի պրոֆեսիոնալիզմի խնդիր չկա, ավելին կասեմ, դրական կողմով պրոֆեսիոնալիզմի խնդիր կա, որովհետև էդ մարդը երկրորդ, թե երրորդ օրն էր գալիս, մեր աշխատակիցը նկատել է ինչ-որ բան, ասել է՝ էս ո՞վ ա էս մարդը, ինչի՞ ա գնում-գալիս, իրեն հենց էդտեղ էլ ասել են, որ ինքը VIP հաճախորդ ա, այսինքն՝ գործ չունես, էլի, մոտավորապես տենց, կոպիտ եմ ասում։ Ու էդ սպառնալիքի ժամանակ ոչ մեկը չի իմացել, որ կողոպուտ ա, որ իմանար մեր աշխատակիցը, ինքը կկանխեր, որովհետև շատ լավ պատրաստված աշխատակից է։

-Այդ սպառնալիքներն ու՞մ մոտ է հնչեցրել։

-Առերես, ով որ իրեն գումարը տվել է առձեռն։ Մնացածը արդեն թող քննչական օրգանները պարզեն, մեր մասով ամեն ինչ նորմալ է եղել։

-Այսինքն՝ տվյալ անձը հեռացել է դեպքի վայրից, նոր իմացել են, որ կողոպու՞տ է եղել։

-Այո, այո, նոր հայտարարել է տնօրենը, որ մեզ կողոպտել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել