Պարբերաբար մենք լուրեր ենք ստանում այն մասին, որ գիտնականները փորձում են որոշ մահացած կենդանատեսակների վերակենդանացնել: Այդ կենդանիներից ամենահայտնին, իհարկե, մամոնտն է: Նպատակ կա տասնյակ միլիոնավոր տարիներ առաջ վերացած դինոզավրերին էլ վերակենդանացնելու: Սակայն շատ քչերին է հայտնի, որ գիտնականներին արդեն իսկ հաջողվել է մահացած կենդանատեսակ վերակենդանացնել: Լույս աշխարհ եկած փոքրիկն ընդամենը 12 րոպե է ապրել, որից հետո մահացել է թոքերի հետ կապված խնդիրների պատճառով, որն առաջացել է գենետիկ մուտացիաների հետևանքով:

Պիրենեյան այծեղջյուրը՝ իսպանական այծեղջրի ենթատեսակներից մեկը, երկար ժամանակ բնակվել է Պիրենեյան թերակղզու տարածքում, սակայն վերացել է 21-րդ դարի սկզբում անվերահսկելի որսի ու մարդու գյուղատնտեսական գործունեության հետևանքով: Սակայն 2000 թվականին մահացած վերջին կենդանուց գիտնականները հաջողել են վերցնել բջջային հյուսվածք ու սառեցնել այն:

9 տարի անց մասագետները որոշեցին այծեղջյուրին վերակենդանացնելու փորձ կատարել: Սառեցված բջիջներից առանձնացրին գենետիկ ինֆորմացիա կրող միջուկներն ու տեղադրեցին 87 սուրոգատ մայր-այծերի ձվաբջիջներում: Նրանցից միայն մեկի մոտ հղիություն սկսվեց, և որոշակի ժամանակ անց լույս աշխարհ եկավ իբերյան այծեղջյուր:

Սակայն նրան քիչ ժամանակ էր վիճակված ապրելու. կենդանու թոքերը վնասված էին ի ծնե ունեցած արատի պատճառով և չէին կարողանում բավական չափով թթվածին մատակարարել: Պիրենեյան այծեղջյուրը մահացավ ծնվելուց 12 րոպե անց, սակայն, չնայած էքսպերիմենտի տրագիկ վերջաբանին, գիտնականները հասկացան, որ ժամանակակից գիտությունն ի զորու է վաղուց անհետացած կենդանատեսակներին վերակենդանացնելու: Այսինքն՝ կա հույս, որ ապագայում կունենաք մեզ այնքան հետաքրքիր պատմական կենդանիների առողջ ծնունդներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել