Արևմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունների փչացման, Սիրիայում ընթացող զարգացումների և հատկապես Իրաքի Քրդստանի տարածաշրջանում անցկացված հանրաքվեի խորապատկերին թուրք-իրանական որոշակի մերձեցումը չի կարողացել քանդել անվստահության այն պատնեշը, որն առկա է Մերձավոր Արևելքում մրցակցող այս երկու երկրների միջև:

Տարածաշրջանային որոշ խնդիրներում կողմերի դիրքորոշումների մերձեցման հենց սաղմնային փուլում, չնայած այն հանգամանքին, որ իրանական կողմը գրանցել է աննախադեպ հաջողություն ՆԱՏՕ-ի անդամ-պետության հետ դուրս գալով թեկուզ և մասնակի ռազմական գործակցության մակարդակի, Թեհրանում պնդում են, որ առայժմ երկարաժամկետ լավատեսության որևէ հիմք չկա՝ պայմանավորված Թուրքիայի նախագահի անկանխատեսելի վարքագծով և դրանից բխող հաճախ անսպասելի ու հակասական որոշումներ կայացնելու հանգամանքով:

Այս է պատճառը, որ իրանական արձագանքներում Թուրքիայի նախագահի՝ Թեհրան կատարած վերջին մեկօրյա այցը չնայած արդյունավետ է գնահատվում, սակայն չի մեկնաբանվում բարձր տոնայնությամբ, քանի որ հիմնավոր կասկածներ կան, որ թուրքական կողմն Իրանի հետ համագործակցության է գնում ստիպված՝ հաշվի առնելով, ի դեմս Իրաքի Քրդստանի տարածաշրջանի, իր սահմանների ողջ երկայնքով վերջին դաշնակցի կորստյան և ողջ Մերձավոր Արևելքում իրանական ազդեցության աննախադեպ աճի ներկայիս իրակույթները:

#Իրան #Թուրքիա #ՄերձավորԱրևելք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել