Սեպտեմբերի 28-ին Բոսնիա և Հերցեգովինայի Թուզլա քաղաքում շարունակվել է ՆԱՏՕ-ի 18-րդ միջազգային դաշտային վարժանքի գործնական փուլը: Վարժանքն անցկացնում է ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման համակարգման եվրաատլանտյան կենտրոնը (EADRCC):

Գործնական աշխատանքների համար ընտրվել էին քաղաքի մատույցներում գտնվող ածխահանքը, որի հորանի խորությունը 20 մետր է, և արհեստական Մոդրաչ լիճը, որտեղ տարբեր երկրներից ժամանած փրկարարների համար ստեղծվել էին մասնագիտական հմտությունները ցուցադրելու համար բոլոր անհրաժեշտ պայմանները:

Ըստ վարժանքի սցենարի՝ Բոսնիա-Հերցեգովինայի հյուսիս-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով գետերը վարարել են, կա ջրամբարների փլուզման վտանգ և մերձակա բնակավայրերին սպառնում է ջրհեղեղը: Լեռան լանջերին սողանքների պատճառով մոտակա շինությունները փլուզվել են, կան պայմանական զոհեր ու տուժածներ: Սցենարի համաձայն՝ աղետի հաջորդ օրը գրանցվել է նաև ուժեղ երկրաշարժ՝ հանգեցնելով մարդկային և նյութական մեծ կորուստների: Հաստատվել է խմելու ջրի աղտոտման փաստը, իսկ արդյունաբերական ձեռնարկություններից մեկում տեղի է ունեցել թունավոր նյութերի արտանետում: Երկրի իշխանություններն օգնության խնդրանքով դիմել են միջազգային հանրությանը:

«Բոսնիա և Հերցեգովինա 2017» միջազգային վարժանքին ՀՀ ԱԻՆ պատվիրակությունից 4 ներկայացուցիչ ընդգրկված է վարժանքի ղեկավարման և գնահատման դիտորդական խմբերում, իսկ 18 փրկարար տարբեր ուսումնական տեղամասերում (փլատակներում, ածխահանքի հորանում և լճում) իրականացնում է որոնողափրկարարական, պարանային ու ջրափրկարարական աշխատանքներ, ինչպես նաև քիմիական, ճառագայթային և կենսաբանական հետախուզություն:

Ամփոփելով վարժանքի 2-օրյա գործնական աշխատանքների արդյունքները՝ դիտորդական խումբը բարձր է գնահատել հայ փրկարարների մասնագիտական կարողությունները՝ նշելով պատրաստվածության բարձր մակարդակը, փրկարարական աշխատանքների կազմակերպման ու համակարգման ճկունությունը և համագործակցությունն այլ երկրների թիմերի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել