Սեպտեմբերի 27-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավար Նարեկ Հարությունյանի և սեպտեմբերի 25-ին ՀՀ նախագահին և վարչապետին Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցող ապօրինությունների մասին բաց նամակով դիմած դասախոսներ Հովհաննես Խորիկյանի և Գագիկ Համբարյանի հետ հանդիպում: Հանդիպումից ժամեր անց «Առավոտ»-ի կայքում տեղադրվեց նախարար Լևոն Մկրտչյանի մեկնաբանությունը, որը շատ զարմացրեց մեզ։ Նախ, պարոն նախարար, Դուք զարմացել էիք այն փաստից, որ, ասենք, պատմության ուղղության մեջ նույն կուրսը երկրորդ տարին կրկնում է նույն առարկան (այդ ուշ ժամին Ձեզ հետ հիմնականում հանդիպեցին պատմության բաժնի ուսանողները, այն դեպքում, երբ խնդիրն առավոտյան ռեկտորին ներկայացրել էին բոլոր մասնագիտությունների ուսանողները): Հարգարժան պարոն նախարարին տեղեկացնում ենք, որ այդ խնդիրը միայն պատմության բաժնին չի վերաբերում, ու նրան և՛ մենք, և՛ ուսանողներն ասել էինք, որ խնդիրը համընդհանուր է: Ձեզ մոտ սխալ կարծիք է ստեղծվել և այդ սխալ կարծիքի ուղղորդումը ռեկտոր Մինասյանի կողմից է, որպեսզի թիրախավորի նամակի հեղինակներին: Այդ խնդիրն ունեն ԲՈԼՈՐ ԲԱԺԻՆՆԵՐԸ, քանի որ ռեկտոր Սահակ Մինասյանի թեթև ձեռամբ ուսումնական պլանները փոփոխվել են բոլոր բաժիններում, որի արդյունքում ստեղծվել է խայտառակ իրավիճակ: Ինչո՞ւ չեք ասում, որ աններելի է համահամալսարանական հայոց պատմություն առարկայի դասավանդումը բոլոր բաժիններում ընդամենը մեկ կիսամյակում 32 ժամով. ոչ մի բուհ նման բան իրեն թույլ չի տվել: Ամբիոնների ձևավորման պահով կարող ենք մի քանի խայտառակ փաստեր բերել: Ի՞նչ կասեք, եթե իմանաք, որ մեր բուհում կա կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության միացյալ ամբիոն, ֆիզիկայի, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոն և այդպես շարունակ: Ինչ վերաբերում է Ձեր՝ գրադարան այցին, ապա տեղեկացնեմ, որ որպես նախարար պարտավոր էիք նաև այցելել գրապահոցներ ու այդ ժամանակ կտեսնեիք, որ դրանք գրեթե դատարկ են: Մոտ 140 հազար կտոր գրականությունից լավագույն դեպքում մնացել է կեսը: Ի՞նչ ֆոնդերի ձևավորման մասին է խոսքը: Պարոն Մկրտչյան, Դուք փորձո՞ւմ եք մեր բարձրաձայնած խնդիրները մեկնաբանել «անձնավորված» և «սուբյեկտիվ» լինելով: Հետաքրքիր է, Ձեզ հետ հանդիպման ժամանակ մեր ներկայացրած որոշ փաստեր Ձեզ շատ զարմացրին, իսկ ուսանողների հետ հանդիպման ժամանակ Դուք ինքներդ էիք առաջարկել նրանց դիմել դատախազություն դասապլանների ապօրինի և անօրինական փոփոխման հարցով, իսկ Ձեր մեկնաբանությունում հայտարարում եք խորքային անլուծելի հարցեր չլինելու փաստի մասին: Ասեմ, որ այդ քրեորեն պատժելի արարքի հեղինակը Սահակ Մինասյանն է: Մենք գիտենք, որ բոլոր հարցերն էլ իրենց լուծումն ունեն, սակայն երբ ռեկտորը մեկ տարվա մեջ, չարաշահելով իր դիրքը և մտածելով, որ անպատժելի է, բազմաթիվ կամայականություններ ու հանցագործություններ է գործում և պաշտպանվում է ԿԳ նախարարի կողմից, զավեշտ է։ Այսինքն՝ ՀՀ բարձրագույն կրթության համակարգում գոյություն չունեցող «ինտեգրված» ուսուցում ներդնող ռեկտորը, խախտելով կրեդիտային համակարգով նախատեսված շաբաթական ծանրաբեռնվածությունը (24-30 ժամ) և այն կամայական նվազեցնում է 12-ի ժամ` 50% կրճատելով լսարանային ժամերի քանակը, վայելում է Ձեր հովանավորությունը։ Ձեր մեկնաբանության մեջ փորձում եք խեղաթյուրել ապօրինի ներդրված «ինտեգրված» ուսուցումը կուրսերի թերբեռնված լինելու հետ: Սակայն Դուք ինքներդ էլ լավ գիտեք, որ «ինտեգրված» ուսուցումով պարոն Մինասյանը միավորել է բակալավրի առկա և հեռակա ուսուցման ծրագրերը, որն անօրինական է և խախտում է բուհին տրամադրված լիցենզիան: Հետաքրքիր է, մեր բարձրաձայնած ո՞ր հարցերը հստակ չէին: Ընդհակառակը, որոշ հարցերի վերաբերյալ կոնկրետ հրամաններ եք տվել, որ դրանք շուտափույթ ուղղվեն: Կոնկրետ՝ ուսումնական պլաններն այսօրվանից արագ փոխել, որպեսզի ստուգումների ժամանակ խնդիրներ չլինեն: Փորձում եք թաքցնել ռեկտորի անօրինականություններից մեկը մինչև համապատասխան հանձնաժողովի այցը բուհ, որը պետք է ուսումնասիրի բուհում տեղ գտած և մեր կողմից բարձրաձայնված խնդիրները: Մեր բոլոր հարցադրումները եղել են հստակ և պահանջում են կոնկրետ պատասխաններ: Պատահական չէ, որ հենց Ձեզ չէինք դիմել բաց նամակով: Համոզված էինք, որ հինգ անգամ նախարարի պաշտոնը զբաղեցրած Լևոն Մկրտչյանը չէր կարող անաչառ լինել 20 տարի Շիրակի մարզի կրթության ոլորտը ղեկավարած Սահակ Մինասյանի ապօրինությունների և անօրինականությունների հարցերը բարձրաձայնելուն: Հիմա ՀՀ նախագահին և վարչապետին զեկուցելու եք, որ Շիրակի պետական համալսարանում անօրինականություններ չկան, և ամեն ինչ շատ լավ է… Հետաքրքիր է, Ձեզ դեռ հավատո՞ւմ են:

Գագիկ Համբարյան
Հովհաննես Խորիկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել