ԱՄՆ պաշտոնյաները թանկարժեք նվերներ ստանալու դեպքում պարտավոր են լրացնել հայտարարագիր։ Հայտարարագրում նշվում է նվերի տեսակն ու արժեքը։ Ես էլ, բնականաբար, օգտվելով հնարավորությունից, ուսումնասիրեցի, թե ինչ նվերներ են ամերիկացիներն ադրբեջանցիներից ստանում:

Օրինակ՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Է․ Սուլեյմանովը 2013թ․ ԱՄՆ նախագահ Օբամային նվիրել է ադրբեջանական գորգ, որի արժեքը կազմել է 6500 դոլար, իսկ Միշել Օբամային՝ ադրբեջանական շարֆ, որի արժեքը 450 դոլար է։

2012թ. Իլհամ Ալիևը Օբամային նվիրել է «Ադրբեջան, տոլերանտության երկիր» և «Ադրբեջանական Ղարաբաղի գորգերը» գրքերը։ Դրանց արժեքը 550 դոլար է։

2012թ. Ալիևը Օբամային կրիստալից թեյի բաժակներ է նվիրել՝ 940 դոլար արժեքով, իսկ Հիլարի Քլինթոնին՝ ադրբեջանական մուղամի ձայնասկավառակ և կես կգ սև խավիար։

2013թ. պետքարտուղար Քլինթոնին Ալիևը նվիրել է ադրբեջանական գորգ, որը կոչվում է «Ադրբեջանի Շուշի», թեյի արծաթե, ոսկեջրած բաժակներ և «Ադրբեջանը՝ տոլերանտության երկիր» գիրքը։ Դրանից զատ՝ նվիրել է նաև Հիլարի Քլինթոնի պատկերով կտավը՝ հավանաբար, ձեռք բերված Բաքվի վերնիսաժից, քանի որ դրա արժեքը 500 դոլար է։

Նույն թվականին դեսպան Սուլեյմանովը, հավատարիմ մնալով դասական դիվանագիտությանը, Հիլարի Քլինթոնին «բանկով» սև խավիար է նվիրել 500 դոլար արժեքով։ Նույն նվերն էլ արել է Ֆիլիպ Գորդոնին և Վիկտորյա Նուլանդին։

Բնականաբար, կան նաև հայ պաշտոնյաների նվերները, որն առանձին թեմա է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել