Իրաքի Քրդստանի տարածաշրջանի նախագահ և հայտնի քուրդ ռազմաքաղաքական գործիչ Մասուդ Բարզանին ապահովեց իր պատվավոր տեղը քրդերի պատմության էջերում որպես առաջին անգամ անկախության հաջողված հանրաքվե անցկացրած գործիչ, սակայն Քրդստանը մտցրեց, պատկերավոր ասած, ալեկոծ մի ծով, որտեղ նավարկելն ու խութերից խուսանավելն այնքան էլ հեշտ չի լինելու:

Ըստ իս՝ առաջին կոպիտ սխալը թույլ տրվեց Իսրայելի հետ բացահայտ «սիրախաղի» տեսքով, ինչը լրջորեն անհագստացնում է Թեհրանին: Բանն այն է, որ Իրանի կենտրոնական իշխանությունը հատկապես վերջին տարիների ընթացքում փափուկ ուժի և մշակութային լայն արտոնությունների համադրմամբ այն աստիճանի նկատելի հաջողություններ է գրանցել այս երկրի քրդաբնակ շրջաններում, որ նույնիսկ միջազգային մամուլում «մոռացել» էին Իրանում քրդական հիմնախնդրի գոյության մասին:

Իրանցիները հատկապես սուննի քրդերով բնակեցված իրենց տարածքներում գործընթացները խելամտորեն կառավարում են ոչ թե շիայական իսլամի, այլ համաիրանական ազգայնականության գործիքակազմով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրդերն իրանալեզու ժողովուրդներից մեկն են և սերտորեն կապված են Իրանի պատմության և մշակույթի տարբեր շրջափուլերի հետ:

Այս իմաստով Իրաքի Քրդստանին առնչվող զարգացումներում Իրանին ոչ այնքան անհանգստացնում է անջատողականության հնարավոր տարածումը սեփական սահմաններից ներս՝ սուննիադավան քրդաբնակ շրջաններում, այլ իր անմիջական հարևանությամբ Իսրայելի պոտենցիալ արբանյակը դառնալու ազդանշաններ հղող նոր պետական միավորի ի հայտ գալու հեռանկարը:

Իրանցիներն, ի տարբերություն թուրքերի, այս պահին, ըստ էության, պայքարում են ոչ այնքան Իրանի տարածքում քրդական անջատողականությունը խթանելուն միտված անկախ Քրդստանի, այլ որպես այդպիսին իրենց դեմ ձևավորվող իսրայելակենտրոն հնարավոր դաշինքի ապագա դերակատարներից մեկի դեմ:

Այս առումով Էրբիլի համար բազմաթիվ կենսական խնդիրներ, այդ թվում՝ շիաների կողմից վերահսկվող և Իրանից աջակցություն ստացող Բաղդադի կենտրոնական իշխանության հետ հարաբերությունների կարգավորման տիրույթում, բացի անկախության դե յուրե ճանաչումից, կարող են լուծվել Իրանի հետ նույնիսկ ոչ հռչակագրային դաշինքի ստեղծման միջոցով, ինչը Քրդստանին հնարավորություն կընձեռի զուգահեռաբար ազատվել նաև Անկարայից հսկայական կախվածությունից՝ անձամբ Մասուդ Բարզանիի համար ապահովելով նաև պատվավոր տեղ համաիրանական պատմության էջերում:

#Քրդստան #Իրան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել