Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ու նրա ձևավորած կառավարության 1 տարին։ Եթե նշանակմանն անմիջապես հաջորդող շրջանում մեր բարետես վարչապետի ու նոր կառավարության ընկալումը կարելի էր բնութագրել դիքենսյան «մեծ սպասումներ» բառակապակցությամբ, ապա հիմա դժվար է ասել, թե ինչի հետ գործ ունենք։

Այնպես չէ, որ կարելի է ասել, որ կառավարությունն ամբողջովին ձախողել է, իսկ վարչապետին հիմնականում ատում են ազգաբնակչության շրջանում, ինչպես Կարապետյանի շատ ու շատ նախորդողների դեպքում էր, բայց չի էլ կարելի ասել, որ Սինգապուր դառնալու որևէ աղոտ հեռնկարներ են նշմարվում։ Կարծում եմ՝ երկուսի դեպքում էլ հիմքում նույն պատճառն է ընկած՝ իրոք հսկայական սպասումները։

Մի կողմից՝ վարչապետին չեն ատում, որովհետև նրա նկատմամբ սիմպատիան ու հանրային համակրանքն այնքան մեծ էին, որ մարդիկ առնվազն վատ բան չէին սպասում։ Մյուս կողմից էլ՝ այդ սպասումներն այնպիսի բարձր նշաձող սահմանեցին, որը Կարապետյանը չփորձեց էլ վիճարկել, որ հիմա անգամ կառավարության լավատեսական, իսկ որոշ չար լեզուների պնդմամբ՝ կեղծված ու մտացածին տնտեսական ցուցանիշներն ու հաշվետվությունը չեն գոհացնում լսարանին։

Սակայն այս տենդենցը հավերժ չէ, ու եթե Կարապետյանն իր թիմի հետ իրար չգա և իրոք բեկումնային ձեռքբերումներ չգրանցի, արդեն առաջիկա ամիսներին նրա կրեդոն ու դրական իմիջն իսպառ կվերանան, ինչը գործնականում 0-ի կհավասարեցնի 2018-ից հետո էլ վարչապետությունը պահպանելու Կարապետյանի հեռանկարները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել