2013 թվականի այս օրերին «ՖակտԽեբեր» ադրբեջանական պորտալում հրապարակվեց Զաուր Նասիրլիի հոդվածը՝ «Միֆեր և իրականություն ադրբեջանական բանակի մասին» վերնագրով: Այդ շրջանում արդեն գագաթնակետին էր հասել ադրբեջանական այն քարոզչությունը, որ իրենց բանակի բյուջեն 3,7 մլրդ դոլար է, իսկ Հայաստանի բանակինը՝ 412 մլն, ու հենց այդ առավելության հաշվին Ադրբեջանը պարտության է մատնելու հայերին:

Նասիրլին իր հոդվածում համաձայնվում է, որ Ադրբեջանի բանակի բյուջեն գերազանցում է անգամ Հայաստանի պետական բյուջեն, սակայն դա գոնե իր և մնացած մտածող քաղաքացիների համար ոչինչ է: Որպես օրինակ նա նշում է, որ Թուրքիայի ռազմական բյուջեն կազմում է 11,2 մլրդ դոլար, իսկ Սաուդյան Արաբիայի ռազմական բյուջեն 60 մլրդ դոլար է: Սակայն այս բանակները անհամեմատելի են: Թուրքիայի բանակը մի քանի անգամ գերազանցում է Սաուդյան Արաբիայի բանակին պրոֆեսիոնալիզմով, զենքով, ռազմական պատրաստվածությամբ և այլն:

Հեղինակը նաև նշում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակների տարբերությունը: ԱՄՆ-ի ռազմական բյուջեն նույնպես 7 անգամ ավել է ՌԴ-ի ռազմական բյուջեից և գերազանցում է ամբողջ Ռուսաստանի պետական բյուջեն: 2013 թվականին ԱՄՆ-ի ռազմական բյուջեն 633 մլրդ դոլար էր: Սակայն, ըստ հեղինակի, Ռուսաստանի բանակը չի զիջում ԱՄՆ-ի բանակին, ու Ռուսաստանը ևս ամբողջ աշխարհում զենքի վաճառքով զբաղվող առաջատար պետություն է:

Որպես վերջաբան Զաուր Նասիրլին հայտարարում է, որ պատերազմում հաղթելու համար գլխավորը ռազմական բյուջեն չէ: Ամենակարևորը պրոֆեսիոնալ զինվորականներ ունենալն է, որոնք նաև պետք է ցանկանան կռվել հայրենիքի համար: Ըստ հեղինակի՝ ադրբեջանական բանակը շատ հեռու է այս ամենից: Ադրբեջանցի երիտասարդները զորացրվելուց հետո հրաժարվում են մեռնել հայրենիքի համար, չեն ցանկանում լսել բանակի մասին, քանի որ ծառայության ընթացքում շատ դաժան օրեր են ունենում, հայրենիքը այլևս իրենց համար գրոշի արժեք չի ունենում:

Ադրբեջանի իշխանության 3 մլրդ-անոց բյուջեի քարոզը, ըստ հեղինակի, նման է նրան, որ ալկոհոլիկներով հավաքվեն և պայքարեն ալկոհոլիզմի դեմ:

Ադրբեջանական բանակի զինվորների և հայկական բանակի զինվորների այս տարբերությունը մենք սեփական աչքերով տեսանք արդեն 2016 թվականի ապրիլ ամսին, երբ Ադրբեջանը ամբողջ աշխարհից ահաբեկիչ և գումարով կռվող զինվոր էր գնում, քանի որ կամավորների խնդիր ուներ, սակայն այդ ընթացքում ամբողջ աշխարհից հայերը գալիս էին կռվելու ու հենց առաջին երկու օրերից հետո զորամասերում ու դիրքերում տեղ այլևս չկար, բայց մարդկանց հոսքը չէր դադարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել