Իրաքի հյուսիսի Քրդստանի ինքնավարության անկախության հանրաքվեի շուրջ զարգացումներում մեկ այլ կարևոր հանգամանք, որի վրա գրեթե ուշադրություն չի դարձվում, վերաբերում է, որքան էլ պարադոքսալ թվա, հենց անկախության հռչակմանը:

Բանն այն է, որ անկախության հանրաքվեի անցկացումը դեռևս ամենևին չի նշանակում անկախության հռչակում, քանի որ հանրաքվեն կարող է միայն հիմք լինել անկախության հետագա գործընթացի կամ դրա վերաբերյալ որոշումներ կայացնելու համար:

Եթե նույնիսկ անկախության հանրաքվեն անցկացվի, ապա հաշվի առնելով թե՛ ներքրդական, թե՛ տարածաշրջանային և թե՛ միջազգային իրավիճակը, դժվար է ենթադրել, որ Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը սրընթաց քայլերով կգնա դեպի անկախության հռչակում:

Ավելի հավանական է թվում երկարատև և ինչ-որ առումով հյուծիչ բանակցային փուլի մեկնարկը մի կողմից Բաղդադի և այլ խաղացողների, իսկ մյուսից՝ Էրբիլի միջև, որի արդյունքում քրդական կողմը ձգտելու է «անկախության» ավելի ուժեղ խաղաքարտի առկայության պայմաններում ստանալ լրացուցիչ զիջումներ բազմաթիվ այլ ոլորտներում, բայց առայժմ ոչ դե յուրե անկախություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել