168.am-ը գրում է․

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով` Երևանում 21-ամյա աղջիկը մեղավոր է ճանաչվել շորթում կատարելու մեջ: Դատարանը վճռել է նրան դատապարտել 2 տարի ժամկետով ազատազրկման: Միևնույն ժամանակ՝ նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 3 տարի ժամկետով փորձաշրջան:

Ամբաստանյալի նկատմամբ ընտրված՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

21-ամյա աղջկան նախաքննության ընթացքում ՀՀ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ շորթմամբ տղամարդու զգալի չափերով գույքը հափշտակելու դիտավորությամբ, Երևանում իր բջջային հեռախոսով տղամարդուց գաղտնի տեսանկարահանել է իրենց միջև տեղի ունեցած սեռական հարաբերությունը և նշված վարկաբեկող տեսանյութերը տղամարդու կնոջը և այլ անձանց հրապարակելու սպառնալիքով՝ նրանից մաս-մաս պահանջել է ընդհանուր 800 դոլար գումար, որից մի մասը ստացել է, իսկ մյուս մասը տղամարդը հրաժարվել է տալ:

Արագացված դատական քննություն

Ըստ դատական ակտի` մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով` հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու բնույթն ու իրավական հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և ընդունում է այն ամբողջ ծավալով:

Դատական նիստի ընթացքում տուժող տղամարդը հայտարարել է, որ ամբաստանյալի կողմից փոխհատուցվել է իրեն պատճառված վնասը, վերջինիս նկատմամբ բողոք և պահանջ չունի և չի առարկում դատական քննության արագացված կարգ կիրառելու միջնորդության դեմ:

Դատարանը գտել է, որ սույն քրեական գործի քննությունը պետք է անցկացնել արագացված դատական քննության կարգով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել