«Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը 2016 թվականի սեպ­տեմբերի 8-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ Հո­վիկ Աբրահամյանը հրաժարական ներկայացրեց: Ու, ըստ էության, հենց այդ օրվանից սկսվեց նոր վարչապետ Կարեն Կարապետյանի, այսպես ասենք՝ էպոխան:
 
Նրա գործունեության մեկ տարին ԶԼՄ-ները, քաղաքագետները, տնտեսագետները և այլն վաղուց հաստատ­ված ավանդույթի համաձայն կամփոփեն մի քանի օրից, երբ  լրանա նրա՝ այդ պաշտոնին Կարեն Կարապետյանի նշանակման մեկ տարին:  Բայց կա «առաջ ընկնելու» մի փոքրիկ առիթ: Երեկ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը մի ուշագրավ հաղորդագրություն է տարածել, որը վերաբերում է ՀՀ տնտեսության մեջ իրականացված ներդրումներին:  
 
Նախարարության այս քայլը ամենևին տարօրինակ չէ: Թերևս կանխազգալով, որ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարվա ամփոփման «կարմիր թելը» լինելու է ներդրումների թեման, նախարարությունը մի ընդարձակ մեկնաբանություն է շարադրել: Բոլորն են հիշում, թե որն է եղել Կարեն Կարապետյանի ամենաարժանահիշատակ հայտարարությանը. այս տարվա ըն­թացքում մեր տնտեսության մեջ կլինեն 850 միլիոն դոլա­րի ներդրումներ, առաջիկա երկու-երեք տարվա ընթաց­քում ներդրումների ծավալը կլինի 3.2 միլիարդ դոլար, իսկ ընդհանրապես, կառավարության տեսադաշտում կան ավելի քան 5 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրեր: «Դրանք ռեալ ծրագրեր են»,- հաճախ ասում է Կարեն Կարապետյանը: Ու նախարարությունը երեկվա հաղորդագ­րությամբ անդրադարձել է «ներդրումներ» եզրույթի տն­տեսագիտական սահմանմանը, միջազգային ֆինանսական կառույցների կողմից ընդունված ձևակերպումներին, ինչ է օտարերկրյա ներդրումը, մասնավորի կողմից արված ներդրում, պետական ներդրում, որն է պորտֆելայինը, ինչ է ներդրումների հոսքը, որն է զուտ հոսքը և այլն, և այլն, և այլն: «Խոսքը վերաբերում է 830-850 մլն դոլարի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումների մասին, որոնք իրականացվելու են 2017թ.: Դրանց մեջ ներառված են տարբեր գերատեսչությունների կողմից իրա­կանացվող պետական, այդ թվում՝ վարկային կամ դրամաշնորհային միջոցներով իրականացվող, պետություն- մասնավոր համագործակցության ներդրումային ծրագ­րերը, ինչպես նաև մասնավոր այն ներդրումային ծրագ­րերը, որոնք պետության կողմից ստացել են հարկային, մաքսային կամ այլ արտոնություններ:
 
Ընդ որում, նշենք, որ առաջին կիսամյակի ընթացքում հայտարարված ներդրումների շուրջ 40 տոկոսն արդեն իսկ իրականաց­վել է»,- ասված է հաղորդագրության մեջ: Մի խոսքով, 850 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրումներ Հայաստանում չեն լինելու այս տարի:
 
Մեղավո՞ր է արդյոք Կարեն Կարապետյանը Հայաս­տանի տնտեսության մեջ իրականացվող ներդրումների նվազման հարցում: Եվ այո, և ոչ: Երբ նա ստանձնեց վարչապետի պաշտոնը, մեր տնտեսությունն արդեն տառապում էր ներդրումների ծարավից»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել