Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի միջնորդությամբ տեղի կունենա հանդիպում ՀԱԵ կաթողիկոս Գարեգին Բ-ի և իրեն Կովկասի մահմեդականների առաջնորդ հռչակած շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեի միջև:
Մինչ մեր հարազատ մտավորականներն իրենց գոհունակություն են հայտնում այդ հանդիպման առնչությամբ, ադրբեջանական կայքերից մեկը, որը հայտնի է նրանով, որ Իլհամ Ալիևի աշխատակազմից պատվիրված և ուղղորդված հոդվածներով է հանդես գալիս, բացահայտել է Բաքվի ծրագիրը, թե ինչ նպատակով են հանդիպելու Գարեգին Բ-ն և Փաշազադեն: Այսպես, ադրբեջանցիներին միայն հետաքրքրում են, չզարմանաք, «քարվաճառյան» մարդասպաններ Դիլգամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը: Հանդիպումից երկու օր առաջ Բաքուն առաջարկում է Գարեգին Բ-ին և Փաշազադեին քննարկել գերիների հարցը և որոշում ընդունել՝ երկու կողմերի ձեռքում գտնվող գերիներին փոխանակել «բոլորին բոլորով» սկզբունքով: Բաքվում գտնում են, որ 2014 թ․-ին Արցախի տարածքում երկու մարդու սպանած այս ստահակները գերիներ են:
Դիվերսանտներ Գուլիևի և Ասկերովի ձախողումից հետո Բաքուն ջանք չի խնայում նրանց ազատության մեջ տեսնելու համար: Բաքվում Գուլիևին և Ասկերովին համարվում են ազգային հերոսներ՝ Ռամիլ Սաֆարովի և Մուբարիզ Իբրահիմովի նման: Չեմ կասկածում, որ Ալիևը նրանց համարել է զինվորական կոչումներ, բնակարաններ և այլն պատրաստել: Վերջին անգամ նույն այս կայքը բացահայտեց Իլհամ Ալիևի Գուլիևին և Ասկերովին վերադարձնելու ևս մեկ պլան: Բաքուն բացահայտ, այդ նույն ԶԼՄ-ի միջոցով առաջարկում էր Երևանին այդ երկու մարդասպաններին փոխանակել բլոգեր Ալեքսանդր Լապշինով: Իսկ Լապշինի դատավճիռի ընթերցման օրը մի խումբ ցուցարարներ «Լապշինի տվեք Երևանին, իսկ Գուլիևին և Ասկերովին՝ մեզ» պաստառներով ցույց էին կազմակերպել Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի առաջ:
Իլհամ Ալիևը վաղուց է փորձում ռուսների միջոցով Բաքու վերադարձնել հարազատ մարդասպան-հերոսներին: Վերջին շրջանում Բաքուն տարրական ահաբեկում էր ՌԴ ԱԳՆ-ին՝ պահանջելով բացատրել, թե ինչու Մոսկվան չի զբաղվում իր քաղաքացի Դիլգամ Ասկերովի հայկական «գերությունից» ազատելու հարցով: Սակայն ՌԴ ԱԳՆ-ն բավական կոշտ պատասխան տվեց Բաքվին՝ բացեիբաց մեղադրելով իր քաղաքացուն այլ երկրի հրահանգները, այսինքն՝ Բաքվի հրահանգները կատարելու մեջ: Հիմա, որքան հասկանում եմ, Իլհամ բաբան փորձում է այդ երկու ճիվաղների հարցը լուծել ազերիների լավ բարեկամ Կիրիլ պատրիարքի միջոցով:
Հիշեցնեմ, որ երբ 2010 թ․-ի հունիսին Հայաստանի տարածքում ոչնչացվել էր ազերի դիվերսանտ, Ադրբեջանի ազգային հերոս Մուբարիզ Իբրահիմովը: Հենց նույն Կիրիլ պատրիարքի «միջնորդության» շնորհիվ դրա լեշը նույն թվականի նոյեմբերին հանձնվեց Բաքվին: Ի դեպ՝ Իբրահիմովի լեշի վերադարձի պահով Փաշազադեն ոչ թե դիմել էր մեր Գարեգին Բ-ին, այլ Կիրիլ պատրիարքին, ով բավական օպերատիվորեն բավարարեց ադրբեջանցիների խնդրանքը:
Ապշերոնյան բռնապետը հիշել է Կիրիլի վաղեմի ծառայությունների մասին և կրկին դիմել է նրա օգնությանը՝ մտածելով, որ այս անգամ ևս նրա մոտ կստացվի այն, ինչը շատերը գլուխ չէին բերում:
Սա ազդանշան պետք է լինի Երևանի համար և ՀՀ իշխանությունները կտրականապես պետք է արգելեն Գարեգին Բ-ին քննարկել այդ երկու մարդասպաններին վերաբերող որևէ հարց:
Նշեմ, որ ես կտրականապես դեմ եմ եղել այս անիմաստ և անտրամաբանական հանդիպմանը, որից Հայաստանը և հայ ժողովուրդը ոչինչ չեն շահելու:
Ալլահշուքյուր Փաշազադեն իր բազմաթիվ հարցազրույցներում հայտարարել է, որ հայերը դավաճան, անշնորհակալ և ստոր ժողովուրդ են: Չեմ հասկանում՝ ո՞նց կարելի է Կիրիլի խաթեր համար գնալ հանդիպման հոգևոր մի առաջնորդի հետ, ով ատում է քո ազգին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել