Լիանային որևէ մեկը չի խայտառակել, ավելին՝ այդպիսի միտում էլ չեմ տեսնում։ Թե որն էր տեսանյութի հրապարակման առիթն ու պատճառը, ինձ համար պարզ է. Լիանան, որ տեսուչների հետ վեճի ժամանակ փորձում էր խուսափել թեման լրագրողների ձեռքն ընկնելուց, «Հրապարակ» թերթի միջոցով առաջինն էր ինֆորմացիոն արտահոսքն ապահովել, այն էլ, ինչպես հետագայում համոզվեցինք, աննկարագրելի խեղաթյուրված։ Եթե այդ հոդվածի մեկնաբանությունները կարդաք, որոնք գրվել են մինչև տեսանյութի հրապարակումը, ապա պարզ կդառնա, որ ոստիկանությունը ստիպված էր ներկայացնել օբյեկտիվ իրականությունը։ Կարդացեք այդ քոմենթներն ու պատկերացրեք ոստիկանության հասցեին հնչող անհիմն քննադատությունները, դրանց սպասվող գերարագ ու անմարդկային զարգացման ծավալը, եթե հանկարծ ոստիկանությունը չունենար հրապարակված տեսանյութը։ Կարո՞ղ էր ոստիկանությունն առավել հանդուրժող լինել ու չհրապարակել տեսանյութը։ Այո, կարող էր, բայց ի հաշիվ անհարկի ու ծանրագույն վարկաբեկման վտանգի, որը պետք է հիմնված լիներ բացառապես կեղծիքի վրա։ Արժե՞ր դիմել այդպիսի ռիսկի․ չեմ կարծում։
Սա նախադեպ է, երբ պետությունը՝ ի դեմս ոստիկանության, դառնում է հանրային վեճի հավասարազոր կողմ ու հանրությանը տրամադրում է փաստեր, որոնցով հանրությունը հնարավորություն է ստանում ինքնուրույն գնահատելու իրավիճակն ու անելու ճիշտ եզրակացություն։ Փաստորեն, առաջին անգամ պետությունը հանրությանը վերապահում է դատարանի դեր։ Չի ընկնում տարատեսակ պրոցեսուալ կանոնների հետևից, չի օգտագործում վարչական օբյեկտիվ լծակներ, այլ դառնում է պրոցեսում սովորական հավասարազոր կողմ։ Զուտ օրենքի առումով ունե՞ր այդպիսի իրավունք։ Կարծում եմ՝ իրավաբանների համար առանձին մեկնաբանման հարցեր են, որոնք կարող են նաև տարբերվել։ Կարծում եմ նաև, որ, հրապարակելով տեսանյութը, ոստիկանությունն ապահովեց նաև յուրաքանչյուրի օբյեկտիվ տեղեկություն ստանալու իրավունքը։

Հ.Գ. Մինչ տեսանյութի հրապարակումից հետո ասմունքող Լիանայի տված հարցազրույցների կարդալս կարծում էի, թե ոստիկանությունը պիտի լիներ ավելի հանդուրժող։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել