«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Իհարկե, լրիվ բացառել, որ Ռուսաստանը կարող է «Իսկանդեր»-ներ վաճառել, օրինակ, Ադրբեջանին, չենք կարող, որովհետև դա, ի վերջո, Ռուսաստանի որոշելու հարցն է: Միշտ չի, որ Ռուսաստանը որոշումներ կայացնելուց մեր շահերն է հաշվի առնում»,- այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության ֆեդերալ ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւի հայտարարությանը, թե ՌԴ-ն մի քանի երկրից «Իսկանդեր» համալիրի ձեռքբերման հայտեր են ստացել:

Նշենք, որ Շուգաևի հայտարարությունն ադրբեջանական ԶԼՄ-ները մեկնաբանել էին, որ հնարավոր է ՌԴ-ն Ադրբեջանին էլ մատակարարի «Իսկանդեր» համալիր: Ի դեպ, ռուսական արտադրության «Իսկանդեր» համալիր, բացի արտադրող երկրից, ունի միայն Հայաստանը:

«Կոնկրետ այդ թեման, որ «haqqin.az»-ում հայտնվել է, ըստ էության, ցույց է տալիս, որ կայքը զբաղված է թրոլինգով: Իրենք չունեն որևէ լուրջ հիմք՝ եզրակացություն անելու, որ Ադրբեջանին պատրաստվում են «Իսկանդեր» վաճառել: Այդպես իրենք փորձում են սա ներկայացնել այնպես, թե կարծեք, ինչ-որ բան եփվում է «Իսկանդեր»-ների հետ կապված: Ըստ էության, դա քարոզչական հնարք է ուղղված հենց հայկական լսարանին, որպեսզի հայկական լսարանում հերթական անգամ ինչ-որ դժգոհություն սերմանվի՝ ռուս-հայկական հարաբերություններում, հանրության մեջ՝ ռուսամետների և արևմտամետների միջև փոխադարձ մեղադրանքների հերթական ռաունդը լինի»,- ասաց Կարեն Վրթանեսյանը՝ նշելով, որ նշված ադրբեջանական կայքը հիմնականում հայկական լսարանին ուղղված քարոզչական ռեսուրս է:

Ըստ մեր զրուցակցի, «haqqin.az» կայքը սովորաբար առանց աղբյուրները նշելու նյութեր է արտատպում, երբեմն էլ նաև հայկական լրատվամիջոցներից, վերաշարադրում է այնպես, որ իրենց ուզած շեշտադրումները լինեն: «Դրանից հետո ուղղում են դա հայկական լսարանին, որը, ցավոք սրտի, շատ հաճախ վերցնում է, սկսում է քննարկել, ինչ-որ վեճերի առիթ է դառնում և այլն»,- նկատեց Կարեն Վրթանեսյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել