«Մանկահասակ երեխաների ծնողներն ահազանգում են, որ Երևանի մանկապարտեզներում ընդունելությունը դադարեցվել է: Նախակրթարաններից զանգահարում են իրենց և տեղեկացնում, որ փոքրիկներին չեն կարողանա ընդունել:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին խնդրեցինք մեկնաբանել ստեղծված իրավիճակը:

-Ընդունելության դադարեցում չկա: Նման հանձնարական չի եղել: Ընդամենը խոսքը վերաբերում է մանկապարտեզ գնալու հասակից փոքր երեխաներին չհերթագրելուն: Ինչ անհրաժշետություն կա, ասենք, մեկ-երկու ամսական երեխային հերթագրելու` ըստ էության ավելորդ ուռճացնելով այդ ցուցակները: Ի վերջո, եթե հերթագրում են, դա հաշվարկի ժամանակ թիվ է կազմում: Պետք է հերթագրել տարիքը լրացած երեխաներին, այսինքն` 3-6 տարեկաններին, իսկ մսուր ունեցող մանկապարտեզների դեպքում` 2-6 տարեկաններին:

-Բայց չէ՞ որ այս իրավիճակն ինչ-որ առումով օբյեկտիվորեն է ստեղծվել, երբ մանկապարտեզներում տեղ չկա, երեխաների հերթը չի հասնում, դրա համար էլ ծնողները հնարավորինս շուտ են դիմում:

Դա չի կարելի «օբյեկտիվորեն» անվանել, որովհետև հերթագրվածների ցուցակներն ուռճացված են: Այսինքն` ծնողը գրանցում է իր երեխային հիմնականում երկու, երբեմն էլ երեք տարբեր մանկապարտեզում: Հաշվարկի ժամանակ երեք թիվ է ցույց տրվում, մինչդեռ մեկ երեխայի մասին է խոսքը: Այս տեսակ բաները բացառելու, ժամանակից շուտ երեխաների գրանցումը բացառելու հանձնարարական է տրվել: Շատ դեպքերում շահարկվում է թիվ, որևէ մեկը չի փորձում խորամուխ լինել` հասկանալու` լավ, այդ թվի որ մասն է իրական և որն է ուռճացված:  

-Իսկ հիմա հնարավո՞ր է ասել` մանկապարտեզներում որքան հերթ կա և իրականում քանիսն են այդ երեխաները:

-Ես կդժվարանամ հստակ թիվ նշել, բայց առնվազն մի բան ակնհայտ է. ոմանք շրջանառում են ինչ-որ 30 հազար թիվ, շատ կխնդրեմ, որ իմ գործընկերներն այդ մասով ևս փորձեն տվյալ թիվը շրջանառողից խնդրել՝ ներկայացնելու աղբյուրներ, որովհետև չկա նման թիվ: Նման բան գոյություն չունի:

-Եթե հերթագրվածների մասին տվյալներ Ձեզ հայտնի չեն, ինչո՞ւ եք կարծում, որ նման վիճակագրություն չկա:

-Առնվազն տեղեկացված եմ, որ հերթագրվածների թիվը, մեկ ամսական երեխաներին, կրկնակի ու եռակի հերթագրվածներին միասին վերցրած, կազմում է ոչ ավելի, քան 8-9 հազար: Ի դեպ, ասեմ, քաղաքապետի կողմից հանձնարարականը շատ հստակ է տրվել, որ արդեն իսկ գրանցված երեխաներին, որոնք թեկուզ մեկ-երկու ամսական են, ոչ թե ցուցակից հանել ընդհանրապես, այլ առժամանակ տեղափոխել, այսպես ասենք, այլ էջ, մինչև նրանց տարիքը լրանա: Այդ ժամանակ արդեն այդ երեխաները, բնականաբար, կհամարվեն հեթագրված: Բայց սկսած այս պահից, կդադարեցվի մանկապարտեզի տարիքի չհասած երեխաների հերթագրումը: Այլապես մենք երբևէ հարցի լուծում չենք կարողանալու տալ: Անընդհատ ինչ-որ թվեր են փորձելու շրջանառել, մինչդեռ դրանք չեն համապատասխանելու իրականությանը:

-Բայց եթե երեխան մանկապարտեզ հաճախելու տարիքի դառնա և ունենա հերթագրվելու անհրաժեշտություն, նշանակում է` նա անմիջապես չի ընդունվելու ու զրկվելու է նախնական կրթություն ստանալու հնարավորությունից, այնինչ մեկ-երկու տարի առաջ հերթագրված լինելու դեպքում ժամանակին կկարողանար մանկապարտեզ ընդունվել:

-Ոչ, ոչ, կրկին անգամ ոչ: Հստակ դրվել է խնդիր` անել հնարավորը, որպեսզի երբ երեխան հասնի մանկապարտեզ հաճախելու տարիքին, լիարժեք կարողանա օգտվել իր այդ իրավունքից:

-Այդ դեպքում էլ, ստացվում է, հերթագրելու անհրաժեշտությունն է վերանում:

-Գուցե և այդպես: Բայց հերթագրելու անհրաժեշտություն ասելով` նկատի ունենք, որ գուցե մեկը գալիս է ավելի ուշ, մյուսը գալիս է ավելի շուտ... Կվերանա, թե չի վերանա այդ անհրաժեշտությունը, հիմա մենք դա չենք քննարկում: Դուք կոնկրետ հարց եք ուղղում` քաղաքապետի հանձնարարականը ինչին է վերաբերել: Կասեցում չկա, կասեցվում է միայն այդ տարիքային խմբի երեխաների հերթագրումը: Քաղաքապետի կողմից հստակ հանձնարակական է տվել` ամբողջը վերլուծելով, տարիքային այն խմբի երեխաներին, որոնք պետք է արդեն մանկապարտեզ հաճախեն, առնվազն գոնե 3-6 տարեկաններին, հնարավորինս ապահովել այդ կրթությամբ: Եվ պահանջ չի դրվել 3 տարեկանների ընդունելությունը հետաձգել՝ նախապատվությունը տալով 4 տարեկանից սկսած: Գոնե այսօր խնդիրը դրված է այնպես, որ լիարժեք այդ ցանկը մաքրվի, որ արդեն հաշվարկը սկսի տարվել նորմալ տարբերակով և բացառվեն կրկնակի և եռակի գրանցումները:

-Հիմա, ասենք, 4 տարեկան երեխաները կարո՞ղ են հերթագրվել:

-Այո, այն տարիքային խմբին, որոնք արդեն պետք է հաճախեն մանկապարտեզ, ապահովելուց հետո, բնականաբար, անցում կկատարվի նոր հերթագրումների: Բայց, էլի եմ կրկնում, կհերթագրվեն այն երեխաները, որոնց տարիքը թույլ է տալիս մանկապարտեզ ընդունվել: Մի քանի տարվա ընթացում մենք վերջնականապես այդ հարցը կլուծենք և հուսանք, որ այլևս հերթագրման անհրաժեշտություն չի լինի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել