ՀԵՐՈՍԻ ՄԱՍԻՆ

Շուրջ մեկ ու կես տարի անց ես պարտավոր եմ սա գրել։ Դա են թելադրում քաղաքացիական պարտքի զգացումս և մտավորականի խիղճս։ Ցավոք, մտավորականի առաքելությունն է ասել այն, ինչ ոչ ոք չի ուզում ասել, ու քչերն են ուզում լսել։ Նա պետք է ասի դա՝ արհամարհելով «վատամարդ դառնալու», տասնյակ «քեզ պե՞տք ա» հարցադրումների, հասարակական քֆուրի ու պարսավանքի դրսևորումները։

* * *
• Իշխանությունները պարտավոր են հասարակությանը սնել կենսունակ արժեքներով, իսկ հասարակությունը պարտավոր է ստիպել իշխանություններին իրեն սնելու այդպիսի արժեքներով:
• Չի կարող հասարակությունը համարվել հոգեպես առողջ, եթե վերջինս համատարած կերպով հերոսության չափանիշ է ընդունում բացառապես անձի կենսաբանական մահվան գրանցման փաստը: Հերոսությունը վարք է՝ բաղկացած գործողությունից կամ միմյանց հաջորդած գործողությունների շարքից, որ բնորոշվում են առօրյա վարքատեսակից տարբերվող, գերմարդկային ճիգով ու զոհողությամբ՝ հանուն այս կամ այն վերանձնային գաղափարի։ Գրածս բնավ իմ սահմանումը չէ, սա ունիվերսալ և պատմության քննությունը բռնած բնորոշում է։
• Չի կարող զինծառայողը պետական մակարդակով սահմանվել որպես հերոս զուտ մարտական գործողության ժամանակ շրջապատման մեջ իրեն ոչնչացնելու համար։ 
• Հերոս կարող է սահմանվել այն վաշտի հրամանատարը, որ գիտակցելով, որ ժամանակ չունի իր մյուս դասակները մարտական գործողության շրջան բերելու, եղած ուժերով կազմակերպում է պաշտպանությունը՝ նախքան այդ զորամասի հրամանատարին զգուշացնելով, որ իրենցից ոչ մեկը կենդանի չի մնալու, և օգնական ուժ է պետք, որ դիրքը թշնամուն չմնա։
Հերոս կարող է սահմանվել այն շարքայինը, որ հրամանատարի կողքին՝ հարևան առաջապահ խրամաբջջում, խելոք, գրագետ կրակ է վարում այնպես, որ մահվանից հետո անգամ վերջինիս դիակը խոշտանգած թշնամական զինծառայողը «մանթրաժ» է մնում, որ սպանվածն իր համածառայակիցներից շատերի կյանքն է հասցրել խլել։
Հերոս կարող է սահմանվել այն շարքայինը, որ հրամանատարի մահից հետո չի լքում դիրքը, շարունակում է հմուտ գնդացրային կրակ վարել, հընթացս էլ, կողմնորոշվելով, որ թշնամին մեծաքանակ է, ու դիտակետից կրակելն արդյունավետ չէ, դուրս է գալիս ըստ էության բաց դաշտ ու շարունակում սառնասրտորեն կրակ վարել՝ իմանալով, որ իրեն հաշված րոպեներ են մնացել ապրելու ու կռվելու։
Հերոս կարող է սահմանվել այն շարքայինը, որ վախեցած ու բացարձակապես անմարտունակ ընկերոջը տեղափոխում է կրակային գոտուց ապահով շրջան, այնուհետև վազում հրամանատարական դիտակետ զինամթերքի հետևից ու այնտեղ իր ջահել հալով ամոթանք տալիս (կարևոր չէ՝ տեղին թե անտեղի) տարիքով հատուկջոկատայիններին՝ մարտի մեջ չմտնելու համար, ապա փորձում վերադառնալ ընկերներին օգնության։
• Պետք է լինել սկզբունքային ու ընտրել, թե արժեքային որ համակարգով ես ապրում։ Կարելի է ապրել արժեքային մի համակարգով, որում հերոսներ չկան, կան բացառապես ծառայողական պարտականություններ իրականացնող անձինք, որոնք անգամ զոհվելու պարագայում հերոսի չեն վերածվում։ Կարելի է ապրել նաև այնպիսի արժեքային համակարգով, որում կա՛ն հերոսներ։ Բայց չի կարելի ապրել այնպիսի հիվանդագին համակարգով, որում «բոլորը հերոս են»։ Պարտադիր չէ, որ բոլորը հերոս լինեն, և առհասարակ չեն էլ կարող բոլորը հերոս լինել, ճիշտ այնպես, ինչպես և բոլորը չեն կարող լինել գիտնական, գրպանահատ, քիմիկոս, գող կամ հոգևորական։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել