Հայկական բանակը, չնայած որոշ ներքին խնդիրներին, վերջին 20 տարվա ընթացքում շարունակում է մնալ տարածաշրջանում ամենամարտունակը: Դա մեր զինվորները ապացուցեցին ապրիլյան պատերազմի ժամանակ: Ու խնդրում եմ "կորցրած" տարածքների մասին չհիշեցնեք, քանի որ մենք պաշտոնապես երբեք չենք լսել, թե դրա փոխարեն ինչ ենք վերցրել:

Զինվորի հաջողությունների համար, կարծում եմ, մեծ դեր է խաղում սպայական կազմը, իսկ առավել մեծ դեր ունի բանակի ղեկավարությունը, որի ճիշտ ընտրությունը կարող է ավելացնել նրա պոտենցիալ ուժը:

Որքան գրագետ ու փորձառու լինեն մեր բանակի զինվորական ղեկավարները, այնքան ուժեղ կլինի մշակվող մարտավարությունը:

Այդ առումով պաշտպանության նախարարությունում տեղի ունեցող փոփոխությունները կարող են արդյունավետ լինել, եթե գնացող պաշտոնյայի փոխարեն գա ավելի փորձառու զինվորական: Օրինակ՝ հայկական բանակը մեծ ձեռքբերում կունենա, եթե Հայաստան վերադառնա գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը: Նա ստեղծեց մեր ՀՕՊ-ը, նա է կանգնած բանակի ակունքներում, և նրա զինվորական գիտելիքներից պետք է օգտվել անընդհատ:

Վստահ եմ, որ ՀՀ և Արցախի իշխանությունները մեծապես գնահատում են գեներալին և նրա նման արժանավոր զինվորականներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել