Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը բազմաթիվ անգամներ է դիմել խաբեության, սակայն գրեթե միշտ ձախողվել է իրենց այդ նախաձեռնությունները: Նման մի դեպք տեղի ունեցավ 1993 թվականի օգոստոսի 4-ին, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևը երրորդ անգամ նամակ է գրում Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանին և խնդրում է 10-օրյա հրադադար: Դրանից առաջ Աբիևը ևս երկու անգամ նույն նամակով դիմել էր Բաբայանին՝ հուլիսի 25-ին և հուլիսի 27-ին: Սակայն այս անգամ խնդրանք հայկական կողմին մոլորեցնելու համար էր ու հենց դա ճակատագրական եղավ Աբիևի զորքի համար:

Հուլիսի 25-ից հաստատված հարաբերական հրադադարն ադրբեջանական կողմն օգտագործում է ուժերը վերախմբավորելու և նոր հարձակում նախապատրաստելու համար։

Օգոստոսի 15-ին ադրբեջանական բանակը Ֆիզուլիից սկսում է Մարտունու հարավային և Հադրութի արևելյան ուղղությամբ հերթական հարձակումը։ Այդ հարձակումն օդից աջակցում էր նաև ավիացիան, որը ռմբակոծում է Հադրութ քաղաքը։ Սակայն նույն օրը թշնամու հարձակումը կասեցվում է և պաշտպանության բանակն անցնում է հակահարձակման։

Ռազմական անհաջողությունները ստիպում են Ադրբեջանի ղեկավարությանը կրկին բանակցություններ սկսել։ Հեռախոսային բանակցություններ են վարվում Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևի և ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու Ադրբեջանի փոխվարչապետ Ռասուլ Գուլիևի միջև։

Տարբեր շրջաններում իրականացվող մարտերի և ադրբեջանական բանակի խարդախությունների արդյունքում օգոստոսի 22-ին և 23-ին ազատագրվում են Ֆիզուլին և Ջաբրայիլը:

Ֆիզուլիի ազատագրմանը մասնակցում են Մովսես Հակոբյանի, Նելսոն Սողոմոնյանի զորքերը, Հադրութի պաշտպանական շրջանի Տողի գումարտակը, Մանվել Գրիգորյանի 5-րդ բրիգադը: Արդյունքում ադրբեջանական զորքը նահանջում է, հայկական զորքի վերահսկողության տակ է անցնում 1380կմ քառակուսի տարածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել