Հիմք ընդունելով ցայժմ հայտնի տեղեկատվությունը՝ Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ կարելի է ընդգծել հատկապես հետևյալ կարևոր առանձնահատկությունները՝

1. Բռնարարքի հետևում կանգնած է սիրիական հակամարտությանը մասնակցած, իսլամական ծայրահեղ արմատական ուղղվածությամբ (մեծ հավանականությամբ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի հետ ասոցացվող) մարոկացիներից կազմված խմբավորումը, ինչը հիմք է տալիս եզրակացնելու Բարսելոնայում տեղի ունեցած հարձակումների նախապես ծրագրված և կազմակերպված լինելու մասին՝ ի տարբերություն, ասենք, Եվրոպայում տեղի ունեցած վերջին համեմատական հնչեղ բռնարարքների՝ Մանչեսթերի և Լոնդոնի ահաբեկչությունների:

2. Հաշվի առնելով հանգստի սեզոնային առանձնահատկությունները՝ ահաբեկիչների կողմից որպես թիրախ ընտրվել է Եվրոպայի ամենահայտնի տուրիստական գոտիներից մեկը՝ Բարսելոնան՝ բնականաբար առավել լայն էթնիկ պատկանելության զոհերի հավանականությունն ապահովելու, հետևաբար նաև գործողությանն ավելի մեծ միջազգային հնչեղություն հաղորդելու նպատակով:

3. Անշուշտ, այս գործողությունների պարագայում ևս պետք է ընդգծել Իսպանիայի, նաև Կատալոնիայի հատուկ ծառայությունների գործունեության թերացման գործոնը: 2004թ. մադրիդյան ահաբեկչությունից հետո տևական ժամանակ և հատկապես վերջին 3-4 տարիներին Եվրոպային պատուհասած ահաբեկչական սպառնալիքը հիմնականում շրջանցել էր Իսպանիան, ինչը որոշակիորեն բթացրել էր այդ երկրի հատուկ ծառայությունների զգոնությունը, որոնք անգամ հաշվի չեն առել արտասահմանյան գործընկեր կառույցների՝ ահաբեկչությունից  ընդամենը օրեր առաջ արած նախազգուշացումները:

4. Հիմք ընդունելով Եվրոպայում նախկինում իրականացված ահաբեկչական հարձակումների տրամաբանությունը՝ կարելի է կանխատեսել, որ հոգեբանական գործոնի ազդեցությամբ Իպանիայում իսլամիստական ահաբեկչական սպառնալիքը բարձրագույն մակարդակում կշարունակի մնալ առնվազն առաջիկա 2 շաբաթների ընթացքում:

5. Եվրոպայում ահաբեկչական հաջորդ ամենահավանական թիրախներից կարող են դառնալ դարձյալ Ֆրանսիան, նաև Իտալիան, որը ևս հիմնականում զերծ է մնացել մասշտաբային հարձակումներից:

Հ.Գ. Ցավոք, մերօրյա աշխարհին բնորոշ այս լրջագույն չարիքն աստիճանաբար ընդլայնում է աշխարհագրությունը, և ցանկացած բանական էակի համար պետք է որ ցավալի լինի այսօրինակ բռնարարքների վերաբերյալ գրեթե ամենօրյա պարբերականությամբ տեղեկատվություն ստանալը՝ երկրագնդի որ հատվածից էլ այն լինի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել