Որոշ դատավորների գոյությունն ու գործունեությունն ուղղակի խայտառակություն է՝ Հայաստանի Հանրապետության համար ընդհանրապես, իսկ դատական համակարգի համար՝ մասնավորապես: Այս մասին դեռեւս մայիսին փաստաբան Նորայր Նորիկյանն է ասել  Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Վազգենի Ավետիսյանի մասին։

Նրա կայացրած մի խայտառակ վճռի վերաբերյալ փաստաբանը նաեւ նշել էր. «Այս մարդիկ, որոնք կրում են դատավորի բարձր կոչումն ու կոչված են արդարադատություն իրականացնել, պատրաստ են այս կամ այն պատգամավորի, այս կամ այն քուչի, այսպես կոչված, լավ տղու պատվերով վճիռ հրապարակել, քանդում են մեր պետության հիմքերը: ...երբեք չեմ մոռանա Ձեր դողդողացող ձեռքերը եւ Ձեր գլխիկոր վիճակը՝ վճիռը հրապարակելիս, երբե՛ք...»։

Նորայր Նորիկյանը քաղաքացիական գործով Մուրադ Սարգսյանի ներկայացուցիչն է, որը 2014թ. օգոստոսին 8 մլն դրամով գնել է Դավթաշենում գտնվող մի հողատարածք։ Պարզվել է, որ այդ հողատարածքը մինչ այդ կարճ ժամանակում վաճառվել եւ վերավաճառվել է մի քանի անձանց, իրականացվել է շինծու գործարք, որի արդյունքում բարեխիղճ ձեռքբերող Մուրադ Սարգսյանը կորցրել է թե հողամասը, թե իր վճարած 8 միլիոն ՀՀ դրամ գումարը։

Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2016 թվականի փետրվարի 19-ին մերժել էր հայցվորի (հողի սկզբնական վաճառողի) պահանջը, իսկ նա դիմել էր վերաքննիչ դատարան։

Վերաքննիչ դատարանը 2016թ. հուլիսի 21-ին հայցը բավարարել էր եւ գործն ուղարկել նոր քննության։ 2017 թվականի մայիսի 23-ին դատավոր Նաիրա Ավետիսյանը վճիռ էր կայացրել՝ բավարարելով հայցվորի պահանջը։ Ընդ որում, ըստ Նորիկյանի՝ նիստերն անցկացրել էր առանց պատասխանողներից երեքի մասնակցության։ Արդյունքում Նորիկյանի հաճախորդը՝ գործով չորս պատասխանողներից Մուրադ Մուշեղի Սարգսյանը, նյութական մեծ կորուստ է ունեցել։ Փաստաբանը այժմ էլ դիմել է վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ խնդրելով բեկանել առաջին ատյանի դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանի ապօրինի վճիռը։ Դատական նիստը կայանալու է սեպտեմբերի 3-ին։

Ընդ որում, փաստաբանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ, ըստ որոշ խոսակցությունների, այս գործում շահագրգռություն է ունեցել ԱԺ մի պատգամավոր։

Հայաստանյան արդարադատության համակարգում շատ են դատավորները, որոնք պարզապես խայտառակում են դատավորի պատմուճանը, իսկ Նաիրա Ավետիսյանը դա անում է առանձնակի ջերմեռանդությամբ։

Այս դատավորն արդեն հասցրել է բազում աղմկահարույց գործերով ապօրինի վճիռներ կայացնել։ Մասնավորապես, Նաիրա Ավետիսյանը հայտնի է որպես «Ժողովուրդ» թերթի հայցը մերժած դատավոր։ Գործարար Խաչիկ Խաչատրյանը թերթի լրագրողին «պռաստիտուտկա» էր անվանել, երբ վերջինս փորձել էր տեղեկություն ստանալ ձվերի շուկայում կատարվող ապօրինությունների մասին։ Թերթն էլ դիմել էր դատարան։ Տեւական դատաքննությունից հետո դատավորը 2013 թվականին ոչ միայն մերժել էր թերթի հայցը, այլեւ պարտադրել «Ժողովուրդից» բռնագանձել 100 հազար դրամ՝ գործարարի փաստաբանների համար։

Դրանից մեկ տարի առաջ նույն դատավորը վճիռ էր կայացրել մահացած անձի դեմ, որը պատասխանող է եղել, եւ այլ պետության քաղաքացի, վերջինի իրավունքն ապօրինի փոխանցվել է մեկ այլ անձի: «Առավոտ» թերթի փոխանցմամբ, Փաստաբանների պալատի անդամ Գեւորգ Դավթյանը ասուլիս էր հրավիրել եւ նշել, թե դիմել է ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին, եւ պահանջել է դատավոր Նաիրա Ավետիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել: Ըստ փաստաբանի՝ ԱԽ կարգապահական հանձնաժողովը չի պատասխանել, քանի որ անգործության է մատնվել: 

Նույն Նաիրա Ավետիսյանի կատարած ապօրինությունների մասին դեռեւս 2011 թվականին բարձրաձայնել էր փաստաբան Հակոբ Ճարոյանը։ Վերջինս նաեւ հայտարարություն էր տարածել։ Դատավորը կրկին «պլստացել էր» պատասխանատվությունից։

Նշենք, որ Նաիրա Վազգենի Ավետիսյանը զինվորական դատախազության քննչականի պետ Յուրա Բադալյանի կինն է։ Խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի հայրը՝ Սուրեն Օհանջանյանը, դեռ 2008-ին «Չորրորդ իշխանություն» թերթի հետ զրույցում պնդել էր, որ Բադալյանն ի թիվս այլ քննիչների, կեղծել են իր որդու գործով նախաքննությունը եւ, օրենքը խախտելով, քրեական գործը կարճել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել