Որոշ ժամանակ առաջ esyes.am-ն իր ընթերցողներին պատմեց, որ դերասանուհի Լուիզա Ղամբարյանը երկարատև դադարից հետո կրկին հանդես կգա հեռուստասերիալում: Այն ժամանակ Լուիզան մեծ ոգևորությամբ պատմում էր նոր նախագծի մասին. «Շուտով հանդես կգամ գլխավոր դերով. կարևորը` դերն ասելիք ունենա: Ուզում եմ նաև լավ գործով հանդես գալ, քանի որ մինչ այժմ, որտեղ էլ նկարահանվել եմ, ամաչելու տեղ չեմ ունեցել»:

Այսօր, սակայն, Լուիզան այլևս չի նկարահանվում այդ հեռուստասերիալում՝ «Ընտրյալներում»: Ինչպես
նման դեպքերում
հայկական հեռուստասերիալներում է լինում՝ հերոսուհին մեկնում է երկրից: Պարզելու, թե ինչու՝ զանգահարեցինք դերասանուհուն, ով մեզ հետ զրույցում հետևյալն ասաց. «Առանց ավելորդ փակագծերը բացելու կարող եմ ուղղակի շատ անկեղծ պատասխանել, որ այո, ոգևորությունն անշուշտ կար, սակայն սցենարով որոշեցինք, որ իմ հերոսուհին՝ Գոհարը, պետք է մեկնի Գերմանիա՝ իր երեխայի բուժման համար: Ի սկզբանե դա նախատեսված չէր, որովհետև սցենարական զարգացումներն այլ միտում ունեին, հետո դրանք այլ ուղղությամբ գնացին, ինչը սերիալային արտադրության մեջ աննախադեպ չէ:

Որևէ կոնֆլիկտ չի եղել. էդպես լինում է, երբ մի բան մտածում ես, սակայն դեպքերն ու զարգացումները սերիալում այլ ուղղությամբ են գնում, ինչը կախված չէ դերակատարից կամ պրոդյուսերից: Պարզապես կերպարը չունեցավ այն զարգացումները, որը նախատեսված էր ի սկզբանե և որոշեցինք տալ այսպիսի հանգուցալուծում: Ու հենց այդ պատճառով էստեղ Գոհարի անելիքը ես` որպես դերասանուհի, չէի տեսնում, որոշեցի դուրս գալ»:

Առաջիկայում Լուիզան հանդես կգա Դիանա Գրիգորյանի նոր հեռուստասերիալում, որը եթերում կլինի ապրիլի 8-ից: Դերասանուհին առաջին անգամ է համգործակցելու Դիանա Գրիգորյանի հետ:
Նա նշեց, որ առայժմ չի ցանկանում խոսել իր նոր հերոսուհու մասին. «Նոր կերպարիս մասին հարցերին կպատասխանեմ նոր հեռուստասերիալի եթեր հեռարձակվելուց մի քանի օր անց: Այս պահին ինքս էլ դեռ չեմ ցանկանում գաղտնիքներ բացել, որովհետև առայժմ ամբողջական պատկերացում չեմ կարող կազմել»:



