Մեր դառը իրականությունն է այսպիսին:
Եկեք փորձենք միասին հասկանալ՝ ինչ է կատարվում մեզանից շատերի հետ, երբ հակառակ սպասվածի տեսնում ենք, որ քաղաքական որևէ ֆիգուր սկսում է նորից մեծ վարկանիշ հավաքել: Եվ հատկանշականը այն է, որ նրա մոտ դա ստացվում է ոչ թե փիարի, այլ հետևողական ակտիվ աշխատանքի շնորհիվ: Խոսքը վերաբերում է ԱԱԽ-ը քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին: Յուրաքանչյուր քաղաքական ուժ, պետական այր լինի դա Եվրոպայում, թե ԱՄՆ-ում ունի պասիվության և ակտիվության շրջան, և դա նորմալ է, քանզի անհնար է կլոր տարի լինել ակտիվ շրջանառության մեջ: Վերջին ժամանակներս Արթուր Բաղդասարյանը վերոհիշյալ ակտիվության շրջանում մեկը մյուսի ետևից սկսեց հանրությանը մատուցել առողջ և հաշվի առնելով, որ նա նաև պետական բարձրաստիճան պաշտոնյա է գաղափարներ, որոնք ավելի շատ հարիր են ընդդիմադիր հարթությանը: Օրինակ՝ միայն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ նա մի քանի րոպեում ասեց այն, ինչ ընդդիմությունը ասում է մի քանի տարվա ընթացքում: Եվ փոխարենը մենք ուրախանանք, որ կոալիցիայի անդամ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հերթական անգամ այդպիսի համարձակություն է ցուցաբերում և ուղիղ խոսքով դիմում է ժողովրդին, դա մեզանից շատերին դուր չի գալիս: Միանգամից հարց է առաջանում` ինչու՞ է այսօր Արթուր Բաղդասարյանը այսպիսի «ընդդիմադիր» ու ճիշտ մտքեր արտահայտում: Ես, իհարկե, փորձում եմ հասկանալ վերոհիշյալ հարցի հեղինակ Համլետ Կիրակոսյանին, բայց ապարդյուն: Ապարդյուն, որովհետև ես չեմ կարողանում ըմբռնել մարդկանց այն տեսակը, որոնք սարսափում են պոզիտիվից, նրանց պետք են թեմաներ քարեր շպրտելու համար, իսկ դրականը իրենցը չի… Դա դեռ ոչինչ, բայց երբ մամուլում հանդիպում ես «անասնական կեղծանուններով» (խոսքի օրինակ՝ ձկան աչք, փղի կնճիթ կամ առյուծի ոտ) հեղինակների անտեղի քննադատությանը, ապա հասկանում ես, որ լավը մեզ մոտ ընդունված չէ, նա ավելի շատ է քարկոծվում, քան վատը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել