Հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ տարիներ շարունակ հավատարիմ են իրենց ոճին: Աստղերի արտաքին տեսքը որոշակիորեն «պատմում է» նրանց մասին: Ո՞րն է հայ աստղերի այցեքարտը:

Օրինակ` Նազենի Հովհաննիսյանի համար այցեքարտ են դարձել իր երկար վարսերը, ինչով հաղորդավարուհին, դերասանուհին տարբերվում է մյուսներից: Նախ և առաջ սա պայմանավորված է դերասանուհու հավատարմությամբ, որը նա ունի սեփական վարսերի նկատմամբ: Տարբեր սանրվածքների միջոցով հաղորդավարուհին հաճախ կարճ մազերի «պատրանք» է ստեղծում, սակայն դրանք կտրել չի համարձակվում:

Երգչուհի Ջուսը միշտ առանձնացել է իր մարմնավորած համարձակ կերպարներով: Նա այն երգչուհիներից է, ում արտաքինն ու ներքինը որոշակի անհամապատասխանության մեջ են. երբ լսում ենք երգչուհու համեստ խոսվածքն ու դանդաղ, ցածր տոնայնությունը, տպավորություն է ստեղծվում, թե զրուցում ենք աշխարհի ամենահանգիստ բնավորությամբ անձնավորության հետ, մինչդեռ իրականում Ջուսի էներգետիկան երբեմն վնասում է հենց իրեն:

Երգչուհին իր լսարանին ներկայացել է կրակագույն, կարմիր, կապույտ և այլ գույների մազերով: Իսկ ապագայում նրա քայլերը կանխագուշակել չենք համարձակվում:

Դերասան Անդրանիկ Հարությունյանի այցեքարտն իր մեծ քիթն է: Նա իր մարմնավորած դերերով հասցրել է գրավել հասարակության ու հանդիսատեսի ուշադրությունը և մնալ նրանց հիշողության մեջ որպես «մեծ քթով, համով» դերասան:

Ի՞նչ կասեք Արսեն Գրիգորյանի մասին: Հիմա կհարցնեք՝ ո՞ր Արսենի: Ես ձեզ կպատասխանեմ`«խուճուճ»:

Այս բառով արդեն ամեն ինչ ասված է. դերասան, հումորիստ, երգիչ Արսեն Գրիգորյանը թե՛ իր շրջապատում և թե՛ իր լսարանին հայտնի է իր խուճուճ մազերով, ինչը նրա պարագայում ևս հանդիսանում է այցեքարտ:

Ինչո՞վ է տարբերվում մյուս արտիստներից Հովհաննես Ազոյանը: Այո, իր կարճահասակությամբ և կկվի բույն հիշեցնող գանգուր ու փարթամ մազերով: Խոստովանենք, որ Հովոյի մազերը նրան յուրահատուկ ոճ ու ներկայացուցչականություն են հաղորդում: Ազոյանի պարագայում նրա այցեքարտը հանդիսացան իր մազերն ու հասակը:

Դերասանուհի Զառա Արամյանն աչքի է ընկնում իր գիրությամբ, ինչը դերասանուհուն ավելի «համով» տեսք է հաղորդում: Զառան, որ տարիներ շարունակ ունի շեկ վարսեր և փարթամ մարմին, վերջերս նիհարել է տասնյակ կիլոգրամներով, սակայն այնուամենայնիվ չի կորցրել բոլորիս կողմից այդքան սիրված իր այցեքարտը:

Իր կարճ շրջազգեստներով, գլխի չափերը մի քանի անգամ գերազանցող սանրվածքներով բոլորիս հիշողության մեջ դաջվել է երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը: Սակայն, թերևս Լիլիթի գլխավոր առանձնահատկությունը նրա ձայնն է:

Մեզանից շատերը ձգտում են տարբերվել մյուսներից` որոշ դեպքերում անտեսելով սեփական ոճը: Գտեք ձեր այցեքարտը, եղեք ինքնատիպ:



