Յուրաքանչյուր տարի ապրիլի մեկին հումորիստ, նմանակող Սամվել Բաղդասարյանը հանդես է գալիս շոու-ծրագրով: Սա գեղեցիկ ավանդույթ է դարձել, ինչին սպասում են նրա բոլոր երկրպագուները: Այս տարին ևս բացառություն չեղավ, ու «Սամվել Ք. Բաղդասարյան» ընկերությունը ներկայացավ Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի բեմում:
«Այս տարվա մեր շոուն նախորդ տարիներից նախևառաջ տարբերվում էր նրանով, որ Արամայիս Սահակյանը ֆիզիկապես մեզ հետ չէր: Ես շեշտում եմ ֆիզիկապես, որովհետև նա մեր սրտերում էր, մեզ հետ, մեր հոգում: Երեկոն նվիրված էր «Ծիծաղի արքային»,-ArmStar.am-ի հետ զրույցում ասաց հումորիստը:
Սամվել Բաղդասարյանի կազմակերպած երգիծական շքահանդեսները, որին մասնակցում են հումորի և երգիծանքի հայ վարպետները, նպատակ ունեն Հայաստանում այս կարգի միջոցառումները դարձնել ավանդական, նպաստել երգիծանքի մակարդակի բարձրացմանը, օրացույցում ևս մեկ տոնական օր ունենալուն:
«Ապրիլմեկյան երեկոյի սկզբունքը մասնակից բոլոր արտիստներիս համար «Դեպի կյանք» խորագիրն ուներ, թեև այդ օրվա շոուն վերնագրել էինք «Ծիծաղի տոնը` Ծիծաղի տանը»: Շոուին ներկայացվեց թե’ երգ-երաժշտություն, թե’ մնջախաղ, թե’ աճպարարություն: Մասնակցում էին «Արևիկ» համույթը, Հրանտ Հորիզոնը, Ռաֆայել Քոթանջյանը, Ռուբեն Մաթևոսյանը, երգչուհի Աննա Խաչատրյանը, Հայկոն, Արմեն Դարբինյանը, Մարտին Վարդազարյանը և այլք»:
ArmStar.am-ի այն հարցին, թե անձամբ հումորիստ-նմանակողը ինչ համարով հանդես եկավ, Սամվել Բաղդասարյանը պատասխանեց. «Ես ամբողջ երեկոն անցկացրել եմ ետնաբեմում, իմ ձայնն ուղեկցել է բոլոր մասնակիցներին, իսկ հանդես եմ եկել միայն Արամայիս Սահակյանի նմանակման համարով` իհարկե պահելով բոլոր նորմերը, թույլատրելիի ու անթույլատրելիի սահմանը: Երեկոյի ժամանակ պատրաստել էինք նաև «Ծիծաղի տանը» և Արամայիս Սահակյանին նվիրված երկու րոպեանոց ֆիլմ, որը ստանդարտ լացակումած հուշ-երեկո չէր հիշեցնում»:
Հասկանալի է, որ հումորիստը լսարանին ու հանդիսատեսին հիշեցրել է Արամայիս Սահակյանի հետ կապված միայն լավ հուշեր ու ևս մեկ անգամ ժպիտ է պարգևել նրանց: «Ես շատ ուրախ եմ, որ ֆիլմը դիտելուց հետո իմ գործընկերներից մեկն ասաց, որ այս ամենից հետո ինքը ցանկանում է ապրել»:
Ըստ Սամվել Բաղդասարյանի` ապրիլի մեկը միայն ստելու կամ խաբելու օր չէ, կարևոր է, որ դրանում լինի ասելիք, լինի հումոր: Հենց իր և Արամայիս Սահակյանի թեթև ձեռքով է, որ ապրիլի մեկը 2006 թվականից պաշտոնապես ճանաչվեց ոչ միայն խաբելու, այլև երգիծանքի ու հումորի (Ծիծաղի) օր: «Այս օրը չափավոր խաբելը իհարկե կարելի է, ընդունելի է, բայց օրը միայն խաբելու վրա կառուցելը` սխալ: «Ծիծաղի մեջ ավելի մեծ գաղափարախոսություն է ներառվում»,-ավելացրեց Սամվելը:
ArmStar.am-ը փորձեց սիրված հումորիստից պարզել նաև, թե ինչն է պատճառը, որ նա հեռուստատեսային ու եթերային բնագավառում մի փոքր պասիվ է: Մեր այս հարցին Սամվել Բաղդասարյանը պատասխանեց. «Իմ լռությունը մտածելու լռություն է: Ես ուզում եմ, որ ներկայացումներս միայն հումոր ու երգիծանք չպարունակեն, այլ նաև ասելիք ունենան: Հնարավոր է, որ մի փոքր պասիվ եմ, բայց տարվա մեջ մեկ-երկու անգամ ներկայացումներ, շոու-երեկոներ կազմակերպվում են: Հիմնականում աշխատում եմ Հայաստանում, բայց առաջարկների դեպքում գործունեություն եմ ծավալում նաև երկրի սահմաններից դուրս»:
Զրուցեց` Աշխեն Մնացականյանը



