Վրաստանում օգոստոսի 8-ը սգո օր էր: Այդ օրվան նվիրված միջոցառումները և ելույթները բազմաթիվ էին, և դրանցից ուզում եմ հատուկ առանձնացնել Վրաստանում բնակվող ադրբեջանցիների կողմից կազմակերպվածը՝ տեսահոլովակ, որում երիտասարդ ադրբեջանցիները կոչ են անում Ռուսաստանին վերջ տալ Վրաստանի տարածքների բռնազավթմանը: Լեյլա Աքբերովան, Էլվին Հասանօղլուն, Քյամրան Ամջանօղլուն, Սաբինա Բաբազադեն և այլոք վրացերեն լեզվով ներկայացնում են 9 տարի առաջ տեղի ունեցածը և մեղադրանքներ ներկայացնում Վրաստանի հյուսիսային հարևանին:
Այս թեմային չէի անդրադառնա, եթե այս հակառուսական քարոզչությանը չմասնակցեին Վրաստանի ադրբեջանցիները, որոնք բավական սերտ կապեր ունեն Բաքվի և ադրբեջանական SOCAR Georgia-ի հետ, ու համոզված եմ, որ ուղղորդված են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից:
Ռուս-ադրբեջանական եղբայրության և բարեկամության մասին բարձրաձայնող Բաքուն իրականում այլ «խաղեր» է տանում, որի մասին գրեթե բոլորը գիտեն, բայց, չգիտես ինչու, Մոսկվայում չեն ուզում դա տեսնել կամ տեսնում են, բայց չեն արտահայտվում: Իլհամ Ալիևը, ով ջանքեր չի խնայում ռուսաստանյան ԶԼՄ-ներով Պուտինին իր հավատարմությունը ցույց տալու համար, իրականում վարում է հակառուսական քաղաքականություն: Դե ինչ: Երևի ՌԴ-ն արժանի է ունենալ Ադրբեջանի նման ռազմավարական գործընկեր, որին վերջին տարիներին մոտ 8 միլիարդ դոլարի զենք է վաճառել, իսկ վերջինս էլ իր շնորհակալությունն է հայտնում Մոսկվային՝ ակտիվ հովանավորելով օտար երկրներում կազմակերպվող հակառուսական միջոցառումները:
Մոսկվան և Բաքուն արժանի ռազմավարական գործընկերներ են: Երկուսն էլ անաղուհաց են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել