Ադրբեջանի նախագահ Ալիևի որդու հիվանդության և Իսրայելում նրա բուժման, Մեհրիբան Ալիևի և որդու կողմից Իսրայելում իրականացված շուրջ $ 600 մլն ներդրումների, նրանց կողմից իսրայելական Հայֆա քաղաքում $6 մլն արժողությամբ առանձնատան ձեռքբերման վերաբերյալ տեղեկատվության` իսրայելական պաշտոնական աղբյուրների կողմից լուսաբանումը թերևս կարելի է համարել իսրայելական կողմից տեղեկատվության միտումնավոր արտահոսք։ Այդ եզրահանգման համար հիմք է ծառայում այն հանգամանքը, որ արտերկրում ալիևյան ընտանիքի ֆինանսական հսկայածավալ կարողությունների կուտակման վերաբերյալ տեղեկատվության արտահոսքերը մեկ անգամ չեն մեծ աղմուկ բարձրացրել, ինչը հանդիսացել է ադրբեջանական հասարակությունում դժգոհությունների պատճառ։ Ուստի Իսրայելում Մեհրիբան Ալիևայի իրականացրած ներդրումների, առավել ևս՝ նրա որդու հիվանդության և բուժման մասին տեղեկատվությունը պետք է որ անհասանելի մնար լրատվամիջոցներին ու հանրությանը։ Սակայն իրականությունն այն է, որ իսրայելական կողմը միակողմանիորեն բացում է փակագծերը, մնում է պարզել ինչու։ Սցենարներից մեկի համաձայն՝ սա կարող է պայմանավորված լինել վերջին շրջանում հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման միտումների հետ, ինչի առնչությամբ Ալիևը կարող էր իսրայելական կողմին նախապես արտահայտած լինել իր դժգոհությունը։ Պատահական չէր, որ Ալիևների ընտանիքի հետ կապված վերոնշյալ տեղեկատվությունը զուգադիպեց Իսրայելի տարածքային համագործակցության նախարարի` օրերս Հայաստան կատարած պետական պաշտոնական այցելության հետ։ Եթե հետևենք այս վարկածի տրամաբանությանը, ապա կարող ենք արձանագրել Ադրբեջան-Իսրայել համագործակցությունում դրսևորված առաջին բացահայտ հակասությունները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել