«Գյուղական բնակավայրերում տղա երե­խային նախապատվություն տվող ըն­տանիքները եռապատիկ ավելի են աղջիկ երեխաներին նախապատվություն տվողներից, մինչդեռ քաղաքային բնակա­վայրերում այս հարաբերակցությունը կրկնա­պատիկ է: Այս մասին պարզել են «Մարդկա­յին զարգացման միջազգային կենտրոն»-ի մասնագետները, որոնք իրենց ուսումնասիրու­թյան արդյունքները զետեղել են «Սեռով պայ­մանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» խորագրով զեկույցում: Ըստ նույն աղբյուրի՝ տղա երեխա­ներին ավելի շատ նախապատվություն են տալիս Արմավիրի, Արագածոտնի և Տավուշի մարզերում: Աղջիկ երեխայի նախապատ­վությունն ամենաբարձրն է Սյունիքում, Տա­վուշում և Արմավիրում: Երեխայի սեռի որևէ նախապատվություն չունեցողների առու­մով առաջատարը Լոռու մարզն է, որին հետևում են Երևանը և Գեղարքունիքի մարզը, մինչդեռ երեխայի այս կամ այն սեռին նա­խապատվություն տվողների կշիռն ավելի բարձր է Արմավիրի, Տավուշի և Սյունիքի մարզերում: Ըստ զեկույցի հեղինակների՝ ի վերջո, տղաներին և աղջիկներին նախապատվություն տվողների ամենամեծ խզումը Արագածոտնի, Վայոց ձորի և Լոռու մարզե­րում է:
 
Հարցումը կատարվել է հանրապետության տնային տնտեսություններից պատահականության սկզբունքով ընտրված տնային տն­տեսություններում բնակվող 15-19 տարեկան երբևէ հղիացած կանանց շրջանում, որն իրականացվել է 2017 թվականի հունվարին: Հետազոտության նպատակն է պարզել Հա­յաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների տարածվածու­թյունը, ինչպես նաև դրա հիմնական պատ­ճառները, այդ թվում՝ հիմնախնդրի հասա­րակական ընկալումները:
 
Ուշագրավ է, որ առաջնեկի սեռը մյուսների համեմատությամբ, օրինակ՝ սկեսուրների, քիչ են կարևորում կանանց մայրերը, այսպես ասած՝ զոքանչները, հետազոտությունը պարզել է, որ հարցված զոքանչների 77,5 տոկոսի համար առաջին թոռան սեռն էա­կան չէ:
 
Ի դեպ, կենտրոնի մասնագետները պարզել են, որ մոր տարիքը և կրթական մակարդա­կը գրեթե ազդեցություն չունեն սեռի նախապատվության հարցում»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել