Կարդալով Զաքիր Հասանովի հարցազրույցը, որը նա տվել է «ՌԻԱ նովոստիին» (ի դեպ, «ՌԻԱ»-ն ավելի ու ավելի անթաքույց է ադրբեջանական լոբբինգով զբաղվում), եկա այն եզրահանգման, որ ապրիլին մեր ամենամեծ ու աններելի սխալը «փոքր արյամբ» յոլա գնալու որոշումն էր։

Հասկանում եմ, որ իշխանություններն այդ պահին լուրջ մտավախություններ ունեին ու գուցե զուտ մարդկային տեսանկյունից ելնելով էլ չէին ուզում, որ 100 զոհի փոխարեն լինի, ասենք, 300։ Գուցե վախենում էին, որ զոհերի քանակը կարող է ներքին լուրջ լարվածություն ստեղծել։

Սակայն ժամանակը ցույց տվեց, որ զոհերի նկատմամբ ողջ էմոցիոնալությունը որքան էլ էական դերակատարություն ուներ, թե՛ մեր հասարակության, թե՛ ադրբեջանական քարոզչամեքենայի համար թիվ մեկ գործոնը դարձան տարածքային կորուստները։ 100, 500, 800 հեկտար՝ էական չէ, էական է, որ կորուստները միակողմանի էին։

Վստահ եմ, որ եթե, ասենք թե, Աղդամի կողմից էլ մենք մտնեինք ու մի քանի հարյուր հեկտար մեզանով անեինք, ապա ո՛չ ապրիլին հետևած շոկն ու ֆուրստրացիան այդքան մեծ կլինեին, ո՛չ էլ Զաքիր Հասանովն այսօր կկարողանար այդքան լոթի-լոթի խոսել։ Հուսով եմ՝ այս հետևությանը միայն ես չեմ եկել, այլև այն մարդիկ, ովքեր, ի տարբերություն ինձ, ունեն զորքերին հրաման տալու լիազորություններ, որպեսզի մյուս սրացման ժամանակ նույն սխալը չկրկնվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել