«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Հուլիսի սկզբին Ադրբեջանի ձեռնարկած քայլե­րը՝ Արցախի հետ շփման գծում իրավիճակի սրման ուղղությամբ, կարծես թե շտկեցին այն քաղաքական և քարոզչական արդյունքը, որին հարևան երկրի ղեկավարությունը ձգտում էր:

«Արյունախում հայերի» առասպելը հաստատելու որևէ լուրջ ապացույց չի ստացվել: Դա ունի ընդհանուր և մասնավոր պատճառներ: Ընդհա­նուրն այն է, որ մի կողմից Ադրբեջանն ամեն օր ասում է՝ հեսա մենք զենքով կգրավենք Ղարաբաղը, Զանգեզուրը, Գյոքչան ու Էրիվանը, մյուս կողմից՝ ասում է՝ մենք խաղաղասեր ենք, հայերն են առաջինը կրակում: Դիրքորոշման այդ հակասությունն, ինձ թվում է, չի նպաստում քարոզչական միավորների ձեռքբերմանը:

Ադրբեջանի անհաջողության մասնավոր պատճառն այն է, որ այսօր շատ դժվար է թաքցնել կամ խեղաթյուրել իրականությունը: Պարզ է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար, որոնց արբանյակները on-line ռեժիմով հետևում են աշխարհի ցանկացած անկյունում տեղի ունեցող իրադարձություններին, ճշմարտությունն իմանալը խնդիր չէր նաև 10, 20 տարի առաջ: Բայց մի քանի ժամ հետո պատկերը վերականգնելը և աշխարհին ներկա­յացնելը խնդիր չէ նաև մեզ նման երկրների հա­մար: Բացի այդ, գոնե հայկական կողմից սահ­մանն այնպես է կահավորված, որ ամեն ինչ նկարահանվում է և անհրաժեշտության դեպ­քում հրապարակվում է:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ակցիաները, որոնք կոչված էին, մասնավորապես, ուշադրու­թյուն շեղել իսլամիստներին զենք վաճառելուց և Արևմուտքի՝ մարդու իրավունքների հետ կապ­ված դժգոհություններից, չեն հասել իրենց նպա­տակին նաև այն պատճառով, որ այդ երկրի և Ռուսաստանի հարաբերություններում դժվարություններ են առաջացել (ենթադրում եմ, ժամա­նակավոր):

Տարաձայնությունների պատճառը, ըստ փորձագետների, «գազային մրցակցու­թյունն» է՝ մի ոլորտ, որտեղ ներկա ժամանակա­հատվածում այդ երկու երկրի շահերը չեն համընկնում: Ադրբեջանն այս պահին Ռուսաս­տանից «դաբրո» չունի՝ իրավիճակ սրելու, իսկ առանց «դաբրո»-ի սրելու դեպքում չի ստանում բավարար դիվանագիտական, քաղաքական և քարոզչական աջակցություն: Դա չի նշանա­կում, որ վաղը կամ մյուս օրը այդ «դաբրոն» չի տրվելու»:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել