Artsakhpress.am-ը գրում է.

Միավորված ազգերի կազմակերպությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծում բռնության նոր դեպքերի գրանցման առնչությամբ:

Այս մասին խոսել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուջարիկը:

«Ինչպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է 2017 թվականի հունիսի 22-ի հայտարարության մեջ՝ մենք բոլորս մեծապես անհանգստացած ենք անվտանգության վիճակի վատթարացմամբ, այդ թվում և շփման գծում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության ավելի լայն շրջանում հրադադարի ռեժիմի խախտումների առնչությամբ»,- Նյու Յորքում ասել է Դյուջարիկը:

Նա ընդգծել է, որ իրենք ի գիտություն են ընդունել և հայտարարել են, որ աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությանը՝ կապված հուլիսի 4-ին Ֆիզուլիի շրջանի Ալխանլի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման հետ, որը մարդկային զոհերի, այդ թվում և քաղաքացիական անձանց մահվան պատճառ է դարձել: «Մենք կոչ ենք անում կողմերին զերծ մնալ ցանկացած ռազմական գործողությունից և խստորեն հորդորում ենք նրանց անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և հետագա բռնությունը կանխելու նպատակով: Ամենասեղմ ժամկետներում բանակցային սեղանի շուրջ բարի կամքով վերադառնալը  միակ ճանապարհն է՝ լուծելու այս երկարատև ու վտանգավոր հակամարտությունը»,- ասվում է մամուլի խոսնակի հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել