Դեմքի մաշկը ամռանը առանձնահատուկ խնամք է պահանջում, քանի որ տաք եղանակին քրտնագեղձերն ու ճարպագեղձերը ավելի ինտենսիվ են գործում: Դրանց «արտադրանքը» խառնվում է փոշու հետ, որն էլ յուղոտ մաշկի վրա ճարպաբշտիկների առաջացման պատճառ է դառնում: Իսկ չոր մաշկին վառ արևի ու չոր քամու պատճառով կնճիռներ են գոյանում: Դրա համար էլ ամռանը առաջին հերթին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մաշկի մաքրմանը։ Առավոտյան և երեկոյան հարկ է դեմքի մաշկը մաքրել փրփուրով կամ կոսմետիկական կաթով: Յուղոտ մաշկի համար հանձնարարվում է սպիրտ պարունակող տոնիկներ, իսկ չոր մաշկը լավ կլինի դեղաբույսերի` երիցուկի, եղեսպակի, լորենու ծաղիկի թուրմերով մաքրել: Իսկ մաշկի անհրաժեշտ խոնավությունը պահպանելու, դեմքը թարմացնելու համար կարելի է միշտ ձեռքի տակ թերմալ ջուր պահել ու շիթացիրով երբեմն թարմացնել դեմքը:

Ինչ քսուքներ օգտագործել ամռանը
Հարկ է ընտրել ոչ յուղոտ քսուքներ: Մաշկի սնուցումը կարելի է ապահովել դեմքի համար հախատեսված դիմակներով, որոնք պատրաստված են մրգերից ու հատապտուղներից: Օրինակ` կարելի է տրորել մորին, ազնվամորին, հաղարջը, ելակը, դեղձը և այլն, ու ստացված շիլան քսել դեմքին: Իսկ թարմ վարունգից պատրաստված դիմակը սպիտակեցնող ու տոնուսավորող հատկություն ունի. այն հիանալի օգնում է լայն ծակոտիներ ունեցող մաշկին:

Քերած գազարին կարելի է ձվի դեղնուց և բուսական յուղ ավելացնել ու քսել դեմքին. այն ոչ միայն սնուցում է մաշկը, այլև արևայրուքի տեսք հաղորդում:
Ինչ վերաբերում է քսուքներին, ապա խորհուրդ է տրվում ընտրել խոնավեցնող և հիանալի ներծծվող, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող քսուքներ: Դեմքն օրվա ընթացքում կարելի է պարբերաբար մաքրել հատուկ խոնավ անձեռոցիկով: Շոգ եղանակին նվազագույնի հասցրեք երանգային քսուքի կամ դիմափոշու օգտագործումը, քանի որ ճիշտ չընտրված քսուքը կամ դիմափոշին, խառնվելով քրտինքի և ճարպի հետ, փակում է ծակոտիները` թույլ չտալով, որ մաշկը լավ շնչի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել