Ադրբեջանի բռնապետի արտաքին կապերի գծով օգնական Նովրուզ Մամեդովը զարմացած է միջազգային ՀԿ-ների (որոնց հիմնական գործունեությունն առնչվում է մարդու իրավունքների պաշտպանությանը) արձագանքից՝ կապված հուլիսի 4-ին Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղում տեղի ունեցածի և հատկապես զինադադարի խախտման պատճառով երկամյա Զահրա Գուլիևայի մահվան փաստի հետ։
Զարմանում եմ, որ Նովրուզ Մամեդովը զարմացել է։ Թե՞ պարոն Մամեդովն էլ է մտածում, որ այդ ՀԿ-ները և միջազգային հանրությունը պրիմիտիվ են և շատ արագ պետք է կուլ տային ազերիների խայծը։ Նովրուզ Մամեդովին երևի լավ կլինի հիշեցնել, որ Արցախի ՊՆ-ն բավական սպառիչ ապացույցրներ է ներկայացրել, թե ո՛վ է իրականում խախտել զինադադարը և ո՛ր կրակակետից են հարվածել հայկակակն դիրքերին, և երբ ու ինչպես է հայկական կողմը պատասխանել։ Սակայն հայկական կողմը պետք է բավական զգոն լինի, քանի որ Բաքուն չի նահանջում և ցանկանում է Զահրայի մահը մաքսիմալ օգտագործել սեփական շահերի համար։
Ադրբեջանական կողմը, ինչպես և սպասվում էր, շարունակում է «Զահրա շոու»-ն։ Ալխանլի գյուղ են այցելելու Բաքվում գտնվող դեսպանատների ռազմական կցորդները և օտարերկրյա լրագրողներ։ Համոզված եմ, որ ադրբեջանական կողմը ամեն ինչ անելու է, որ Ալիևի կողմից որպես կենդանի վահան օգտագործվող Ալխանլիի բնակչության հատվածում գրանցված զոհերի ամբողջ պատասխանատվությունը դնի հայկական կողմի վրա։ Ցավոք, ՀՀ արտգործնախարարությունն, իր մամլո խոսնակի մակարդակով հայտարարությունից բացի, այլ ակտիվություն չի ցուցաբերում, որն իր մեջ ՄԵԾ վտանգներ է պարունակում։ Հարկավոր է ոչ միայն Արցախի ՊՆ-ի տեսագրությունները, այլև այլ ապացույցներ ներկայացնել, օրինակ՝ հայկական մեդիադաշտում տարածված արբանյակային լուսանկարները, որտեղ պարզ երևում են Ալխանլի գյուղի մեջ գտնվող ազերիների կրակակետերը, որտեղից և կրակ է բացվել ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից հայկական դիրքերի ուղղությամբ։ Նույն ԶԼՄ-ները, որոնց ներկայացուցիչները մեկնելու են Ալխանլի, պետք է նաև ներկայացնեն հայկական կողմի տեսակետը։ Ու այդ ամենը պետք է կազմակերպի մեր ԱԳՆ-ն։
Տեղեկատվության ճիշտ մատուցումը և ազերիների կեղծիքների դեմ պայքարը շատ մեծ նշանակություն ունի Արցախյան հիմնախնդրի լուծման գործընթացում։
Մենք այնպես պետք է անենք, որ Նովրուզ Մամեդովի զարմանքը զարմանք էլ մնա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել