Aravot.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Սասնա ծռեր» զինված խմբի 18 անդամների գործով նիստը վերսկսելուն պես դատավոր Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց ամբաստանյալներից 3-ի պաշտպան, փաստաբան Կարապետ Բադալյանի հանդեպ: Փաստաբաններից մի քանիսը չէին ներկայացել նիստին՝ պատճառաբանելով, որ դատական կարգադրիչները նրանց ոչ թե զննում են, այլ խուզարկում: Փաստաբաններն այս առիթով մտահոգված են, որ եթե հիմա պայուսակ են խուզարկում, մի օր էլ կարող են իրենց տունը խուզարկել ու այդպես շարունակ: 

Aravot.am-ը միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանից հետաքրքրվեց, ի՞նչ են սահմանում միջազգային իրավունքի նորմերը, եթե, օրինակ, փաստաբանի պայուսակում անվտանգության սարքերը ինչ-որ զնգոց են արձանագրում, ապա իրավունք ունե՞ն ստուգելու, քանի որ մի շարք  փաստաբանները մտահոգված են, որ դա խուզարկություն է:

Պարոն Ղազարյանը պատասխանեց. «Այդ փաստաբանները, եթե մեկ անգամ գնան Ֆրանսիա, Անգլիա, ԱՄՆ, Գերմանիա կամ թեկուզ Եվրոպական դատարան ու փորձեն մտնել դատարանի դահլիճ, այնտեղ կտեսնեն, թե միջազգային իրավունքի սկզբունքները ինչ խստությամբ են գործում՝ զննության առումով։ Պայուսակը զննել, չի նշանակում խուզարկել։ Խուզարկությունը կատարվում է միայն քրեական նպատակով, հանցագործության կատարման կասկածի հիման վրա, իսկ դատարանում զննությունը կատարվում է ոչ քրեական նպատակով, հետևաբար խուզարկություն չէ, այլ զննություն։ Մեզ բոլորիս զննում են օդանավակայանում` ընդհուպ մինչև կոշիկները հանելով, բայց ոչ մեկիս մտքով չի անցնում դա կոչել խուզարկություն, քանի որ դա արվում է բոլորիս անվտանգության նպատակով: Իսկ, եթե օդանավակայանում կասկածեն, որ ուղևորը հանցագործություն է կատարում, օրինակ, թմրանյութ է անցկացնում, նրան կտանեն առանձին վայր ու խուզարկություն կկատարեն։ Բայց դա կարվի առանձին վայրում և հատուկ ընթացակարգերի ներքո, այլ ոչ թե բոլոր աչքի առջև և մակերեսային զննությամբ»։ 

«Սասնա ծռեր» զինված խմբի 18 անդամների գործով նիստին ոտքի չկանգնելու համար դատավորը 6 ժամով նիստերից հեռացրեց ամբաստանյալներից 15-ին:

Արա Ղազարյանից հետաքրքրվեցինք` միջազգային նորմերով ամբաստանյալը պարտավո՞ր է դահլիճում դատավորի մտնելու ժամանակ ոտքի կանգնել, թե՞ դա նրա իրավունքն է և արդյոք դատավորն իրավունք ունի՞ ամբաստանյալին այդ պատճառվ հեռացնել նիստերի դահլիճից, պարոն Ղազարյանը պատասխանեց. «Միջազգային իրավունքն ասում է, որ յուրաքանչյուր ոք ունի պարտականություն ապահովելու դատարանի հեղինակությունը հանրության աչքի առջև։

Միջազգային իրավունքը նաև ասում է, որ եթե դատավորը համոզվում է, որ յուրահատուկ վարքագիծ դրսևորելով` մեղադրյալը նպատակ է հետապնդում ոչ թե օգտվելու դատարանի` իր իրավունքից, այլ խոչընդոտելու դատական քննությունը, այդ փաստի ուժով դատարանը կարող է նրան զրկել դատարանի իրավունքից, քանի որ նման վարքագիծ դրսևորելով` մեղադրյալը ինքն է իրեն զրկում դատարանի իրավունքից։ Ցանկացած դեպքում, եթե անձը չարաշահում է իր իրավունքը, պետական մարմնի մոտ դադարում է այդ իրավունքը ապահովելու պարտականությունը»։ Արա Ղազարյանը նշեց` այո, դատավորն իրավունք ունի սանկցիա կիրառել՝ ըստ միջազգային իրավունքի, ու հավելեց. «Շատ երկրներում ոչ թե հեռացնում են, այլ դատական կալանք են նշանակում՝ այդ թվում նաև փաստաբանին։ Իսկ դատարանի դահլիճից հեռանալ առանց դատավորի թույլտվության՝ սա արդեն դժվար են պատկերացնում Արևմուտքում»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել